Այստեղ հավաքված են մարդիկ, որոնցից ոչ մեկը չի տառապում աստղային հիվանդությամբ. Ելենա Բորիսենկոն՝ «Անուղղելիների» մասին. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այստեղ հավաքված են մարդիկ, որոնցից ոչ մեկը չի տառապում աստղային հիվանդությամբ. Ելենա Բորիսենկոն՝ «Անուղղելիների» մասին. life.panorama.am

Life.panorama.am-ը զրուցել է հեռուստասերիալի հերոսուհիներից մեկին՝ Կարինային մարմնավորող դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հետ:

– Ելենա, «Վերվարածները» Ձեր կյանքում շրջադարձային եղավ: Ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ 9 տարի անց կրկին նույն հերոսուհուն մարմնավորելու առաջարկ ստացաք:

– Այո, այս նախագծի վերադարձը ինչպես հեռուստադիտողի, այնպես էլ մեզ համար էր անակնկալ: Անկեղծ ասեմ, երբ ստացա առաջարկը, իմ առաջին ռեակցիան շոկն էր, քանի որ 9 տարի առաջ ես 34 տարեկան է, բայց սարսափելի փոքր էի երևում, իսկ հիմա որքան էլ կրկին տարիքիցս փոքր եմ երևում, բայց, միևնույն է, տարիներն իրենցը արել են, ես ավելի հասուն արտաքին ունեմ և չէի պատկերացնում, վախենում էի ու մտածում՝ արդյոք կկարողանամ կրկին Կարինա խաղալ, արդյոք  հեռուստադիտողն ինձ կրկին կընդունի: Բայց այդ վախս գնալով անցավ, երբ սցենարիստը՝ Հարություն Ղուկասյանը, խոսեց ինձ հետ ու վստահեցրեց, որ ամեն ինչ լավ է լինելու, ի վերջո՝ հերոսները ևս մեծանում են:

– Ձեր նախկին հարցազրույցերում բազմիցս նշել եք, որ Կարինայի կերպարը Ձեզ ուղղակի հետապնդել է, երկար ժամանակ չէիք կարողանում ազատվել նրանից և մարդիկ անգամ Ձեզ հենց այդ անունով էին ճանաչում: Ինչպե՞ս հոգեբանորեն հաղթահարեցիք  այդ խնդիրն ու կրկին Կարինային «վերադարձրիք»:

– Գիտեք, ես չեմ կարող շնորհակալ չլինել մի նախագծի, որի շնորհիվ ես հայտնի դարձա՝ որպես դերասանուհի. ես պարտավորվածություն ունեմ այս հեռուստասերիալի նկատմամբ և չէի կարող չհամաձայնել նաև այդ ամենից ելնելով: Եթե ժամանակին  ասում էի՝ ես էլ Կարինա չեմ խաղա, ապա հիմա հասկանում եմ, որ տարիները ճիշտ ուղղությամբ են տանում մտքերդ. հիմա արժևորում ու գնահատում եմ Կարինային:

– «Անուղղելիներում» ի՞նչ է սպասվում Կարինային:

– Կարինան էլի սպասում է Կնյազին, ով մեկնել է Ռուսաստան աշխատելու: Կարինան ու Կնյազն ունեն ֆանտաստիկ երեխա, որի հետ շատ ծիծաղաշարժ իրադարձություններ են կապված: Իրականում իմ երեխային մարմնավորող Լևոնը անասելի շնորքով տղա է, ես այնքան ուրախ եմ, որ նրա մոր դերում եմ: Չնայած ֆիլմում նա շատ երես առած տղայի է կերտում, բայց իրականում անասելի համեստ, կիրթ, պատրաստակամ և զուսպ է: Սկզբում անգամ մտածում էի, որ նրա նման բնավորությամբ կեղծ կթվա իր կերտած ակտիվ հերոսը, բայց իր տաղանդի շնորհիվ, Լևոնը կարողացավ ճիշտ ներկայանալ: Այս տղան տարբերվում է մեր օրերի երիտասարդ դերասաններից, նա իրեն երկու նկարահանումից հետո աստղ չի համարում, ինչը շատ գովելի փաստ է՝ հետևելով Instagram-ում մեր երիտասարդ դերասնների «աստղային» կյանքին:

– Ի՞նչ եք կարծում, «Անուղղելիները» մրցակցային նախագիծ է լինելու:

– Կարծում եմ՝ մրցկացության մասին խոսք չի լինի, քանի որ նման հեռուստասերիալ դաշտում չկա: Հիմա կան բազմաթիվ սիթքոմներ, բայց սա սիթքոմ չէ, այն հումորային հեռուստասերիալ է, որտեղ նկարագրվում է կենցաղային կյանք, իհարկե, մի քիչ գրոտեսկով: Այստեղ մեր կյանքի բոլոր շերտերն էլ ցուցադրվում են, ինչը հենց «Վերվարածների» առավելությունն է:  Եթե տարիներ առաջ  ես կասեի, որ պետք չէ և անհնար է «Վերվարածների» վերադարձը, ապա հիմա, չգիտեմ ինչու, ես կարծում եմ, որ այն շատ սպասված էր ու վերադարձն էլ անհրաժեշտ էր, իսկ թե ինչ արդյունք կունենանք, ցույց կտա ժամանակը: Տարիներ առաջ «Վերվարածները» կայացավ դերասանական ու ստեղծագործական թիմում ընտանեկան մթնոլորտի շնորհիվ, 9 տարի անց մեզ մոտ նույն մթնոլորտն է, ուստի հուսամ՝ հաջողությունը կկրկնվի:

– Սիրելի ու հարազատ դերասանական կազմի հետ հանդիպումն ինչպե՞ս կայացավ:

– Այստեղ հավաքված են մարդիկ, որոնցից ոչ մեկը չի տառապում աստղային հիվանդությամբ: Նրանք բոլորն էլ իրենց աշխատանքին վերաբերվում են մեծ պրոֆեսիոնալիզմով: Այսօր ինձ համար շատ կարևոր է, թե դերասանն ինչպիսի մարդ է և որքան լրջորեն է մոտենում իր աշխատանքին: Ինձ հաճույք է պատճառում այստեղ աշխատելը: Մենք շատ կարոտած էինք միմյանց, հանդիպումն իսկապես շատ ջերմ էր: Ճիշտ է՝ այս տարիերին նույն ոլորտում ենք աշխատել, բայց հանդիպումներն այնքան էլ հաճախ չեն եղել, հիմա ուրախ եմ, որ ոչ միայն սիրված նախագիծն է վերադառնում, այլև իմ սիրելի մարդկանց հետ եմ կրկին շփվում: Ես չեմ կարող չնշել Արթուր Հակոբյանի անունը, ով ինձ տարիներ առաջ սովորեցրեց շնորհակալությամբ ընդունել այսպես ասած «աստղ» լինելն ու միևնույն ժամանակ չտառապել աստղային հիվանդությամբ: Արթուրն ինձ շատ բան է սովորեցրել, նա իր մի խոսքով ուղղորդել է ճիշտ վարվել ունեցածիդ հետ և դրա համար շատ շնորհակալ եմ նրան: Ուզում եմ նշել նաև Մարգարիտա Խաչատրյանի անունը, ով անկախ մեր հանդիպումների հաճախությունից, միշտ պատրաստ է լինել իմ կողքին: Հեռուստասերիալում նա իմ մոր կերպարում է, բայց իրականում ևս մոր նման իմ երջանկությամբ ուրախանում է, իմ խնդիրների համար էլ ցավում այնպես, ինչպես ոչ մեկ չի կարող: Շնորհակալ եմ «Վերվարածների» ողջ կազմին մեր անցած և գալիք ճանապարհների համար: Շատ շնորհակալ եմ նաև մեր պրոդյուսերին, ռեժիսորին ու սցենարիստներին՝ այս նախագիծը կրկին վերսկսելու ու բարձր մակարդակով իրականացնելու համար:

life.panorama.am

 



Նման նյութեր