Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի 90-ամյակի առթիվ հայկական Բուրջ Համուդ ավանում կանգնեցվելու է «Ազդակ» թերթի ցրիչներից Սարգիս Դուդաքյանի արձանը: Այդ մասին տեղեկանում ենք «Ազդակ»-ից: Թերթի երկարամյա ցրիչը հայության շրջանում հայտնի էր Ափոլո անունով: Նա, մինչև իր մահվան օրը, չնայած ծերությանը, շարունակում էր ցրել թերթը՝ այն բաժանելով հատկապես Մար Մխայել շրջանի բաժանորդներին: Թերթի ցրիչի գործը սփյուռքում ավանդաբար ընդունված աշխատանք է. բացի կրպակներում և այլ վայրերում վաճառվելուց, թերթը ցրիչների միջոցով վաղ առավոտյան հասնում է բաժանորդներին: Այդ ավանդույթը շարունակվում է նաև այսօր: Ափոլոն հայկական թերթի ցրիչ է աշխատել վաղ տարիքից՝ «Ազդակը» բաժանորդներին հասցնելով անգամ քաղաքացիական պատերազմի տեղացող ռումբերի տակ:
Նրա արձանը կանգնեցնելով՝ Բուրջ Համուդի «Արին» աշխատավորական կենտրոնի վարչությունը հարգանքի տուրք է մատուցում սփյուռքի մամուլի նվիրյալներին: Արձանի հեղինակը Վարդան Ավեսյանն է, շինարարական աշխատանքները կատարում է Բուրջ Համուդի քաղաքապետարանը: