Հայաստանում ռեփը դեռևս այնքան էլ զարգացած չէ և բոլորովին վերջերս է հայտնվել մեր եթերներում: Կարելի է ասել, որ այս ժանրն այնքան էլ ջերմ ընդունելություն չգտավ հայ հասարակության կողմից: Հայ ռեփերները համոզված են, որ պատճառն այսօր եթերից հնչող թերի և սխալ ռեփն է: Մեր ռեփերները բողոքում են նաև նրանից, որ ռեփը հաճախ շփոթում են R&B-ի կամ հիփ-հոփի հետ:
Ռեփը փողոցային կյանքի մասին է, իսկ հիփ-հոփը` հարուստ կյանքի, մեքենաների մասին։ Ինչ վերաբերում է R&B-ին, այստեղ էստրադային ոճ կա, էստրադային կրկներգեր: Ռեփում նման բաներ չկան: Բացի այդ, ռեփի տեքստերը պետք է գրված լինեն իրական պատմությունների հիման վրա, իհարկե՝ ռիթմի մեջ: Ռեփը սևականների երգն է, նրանց եկեղեցիներում է ստեղծվել: Այն իրական կյանքի մասին է։ Ասում են՝ ճիշտ ռեփ երգելու համար պետք է անպայման փողոցային կյանքով ապրել, որպեսզի պատմությունը ռեալ լինի: Հայ ռեփերների համար ցավալի է նաև այն, որ բարձր խավին պատկանող ինչ-որ մեկը ֆինանսներ ունի և տեսահոլովակ է նկարահանում, այն դեպքում, երբ ընդհանրապես փողոցային կյանքի մասին պատկերացումներ չունի: «Խմբեր կան՝ երգում են Հայաստանի կյանքից բավականին տարբեր կյանքի մասին, դա սխալ է: Խումբ էլ կա՝ ծնողի մասին ռեփ է կարդում, իսկ կողքին կիսամերկ աղջիկ է պարում: Ես նման ռեփ չեմ ընդունում»,- ասում է «BLACK BEN» խմբի Արմենը:
Հայաստանում ռեփը զարգացնելու և հայ ռեփերներին համախմբելու նպատակով՝ «Ավանգարդ» ֆոլկ-ակումբում վերջերս կազմակերպվել էր եռօրյա ռեփ փառատոն: Ըստ փառատոնի կազմակերպիչ Ավետիք Այվազյանի, իրենց նպատակն է՝ հավաքագրել հայ ռեփերներին և հնարավորություն տալ նրանց՝ իրենց սիրելի զբաղմունքով գումար վաստակել: «Չկա այնպիսի մի բան, որը լավ որակի դեպքում եկամուտներ չբերի, մեզ մոտ պետք է պարզապես զարգացնել այս ուղղությունը: Իսկ երիտասարդներին ռեփը նաև հնարավորություն է տալիս իրենց մեջ կուտակվածը բարձրաձայն արտահայտել»,- ասում է Ավ. Այվազյանը:
Փառատոնին մասնակցել են 24 խմբեր՝ Հայաստանից և ՌԴ-ից։ Լավագույններին հնարավորություն է տրվել ձայնագրվել և ունենալ իրենց առաջին տեսահոլովակները: Տղաները համոզված են, որ մի քանի տարի հետո ռեփը մեծ տարածում կստանա։ Հիմա արդեն կան հայ աղջիկներ, ովքեր ռեփ են երգում։
Հայ ռեփերների հիմնական խնդիրներից մեկը լեզուն է։ Եթե արտասահմանում կամ Ռուսաստանում հայհոյելու խնդիր չկա, ապա Հայաստանում հայ երիտասարդները նման խնդիրներից խուսափելու համար ստեղծագործում են ռուսերեն կամ անգլերեն լեզվով: Սակայն փառատոնի շրջանակներում ներկայացված էին նաև հայերեն ստեղծագործող խմբեր: «Ես, կարելի է ասել, երգում եմ այնպես, ինչպես խոսում եմ, իսկ էսօր շատերն են էդ ձևով խոսում: Ռեփն այդքան էլ ժարգոն չէ, ավելի շատ խոսակցական խոսքն է: Իմ մի քանի երգերում կան հայհոյանքներ, և ես իմ ալբոմը տուն չեմ տանում, ես չեմ կարող իմ երգերը տալ, որ ծնողներս կամ քույրս լսեն»,- ասում է ԺՀձթ Արամը: Մյուս կողմից, սակայն, «BLACK BEN» խմբի տղաները համոզված են, որ լեզուն կապ չունի, կարևորը ասելիքն է, իսկ ինչ վերաբերում է հայհոյանքներին, ամեն ինչ կախված է տեքստի բովանդակությունից: «Ես ինքս ավելի գրագետ, ոչ փողոցային ռեփ եմ կարդում: Մեր տեքստերը մշակվում են Գիտությունների ազգային ակադեմիայում, բայց, միևնույն ժամանակ, չի կարելի ասել, որ դրանք ամբողջությամբ գրքային հայերենով են: Ինչ-որ չափով ժարգոն կա, որը հնարավորինս ճիշտ ձևով է ներկայացվում»,- ասում է այս խմբի ռեփեր Արմենը:
Ժարգոն ամենուր կա, նույնիսկ դպրոցներում՝ ուսուցիչներն էլ են ժարգոնով խոսում: Տղաները փորձում են այնպես երգել, որ բոլորին հասանելի լինի, և ոչ ոք չկաշկանդվի: Լրիվ փողոցային ժարգոնով երգելը նրանք սխալ են համարում, որովհետև իրենցից օրինակ է վերցնում մատաղ սերունդը: «Հայ ազգը շատ է տարբերվում մյուս ազգերից, եթե արտասահմանում շատ հանգիստ կարելի է բեմում հայհոյել, Հայաստանում դա չի ընդունվի: Մեր մենթալիտետը փոխելը շատ դժվար է»,- ասում են նրանք:
Ռեփի տեքստերը կարող են լինել ամենատարբեր թեմաներով՝ այսօրվա հայ արտիստների մասին, Ոստիկանության մասին: Ըստ հայ ռեփերների, Երևանում այսօր ամենամեծ խնդիրներից մեկը հենց Ոստիկանությունն է: Նրանք երգում են այն մասին, որ Հայաստանում օրենք գործում է միայն, երբ իշխանավորներին է պետք: «Ռեփը լինում է կայֆերի մասին, աղջկեքի մասին, քո ապրած կյանքի մասին։ Երգով ուզում ես մարդկանց խորհուրդ տալ, որ այդ նույն սխալներն իրանք չկրկնեն: Ես երգում եմ անգլերենով, որովհետև չի ստացվում հայերեն սրտանց երգել, օրինակ՝ քֆուր տալ չի ստացվում, իսկ անգլերեն, ով ոնց ուզում, ասում ա»,- ասում է ըժխյլ Վարուժը:
Հագուկապը կամ արդուզարդը ռեփերի համար պարտադիր պայման չէ. իրենց հագուստով առանձնապես հայ ռեփերները չեն առանձնանում մյուսներից։ Ռեփերը պետք է տարբերվի իրեն հատուկ կեղծանունով, որն ավելի կարևոր է: Հայ գրեթե բոլոր ռեփերներն ունեն կեղծանուններ և դրանք, որպես կանոն, օտար բառեր են, մասնավորապես՝ անգլերեն կամ ռուսերեն՝ DROOP, MAX, RIGHT SIZE, ըժխյլ և այլն:
Անի Հարոյան
Լուսանկարները` Սերժ Դավիդովի
«3 Միլիոն»