Նանան կրկին քննադատությունների կիզակետում է: Երգչուհու հրապարակած տեսանյութը, որտեղ նա բժշկական միջամտությամբ թարմացնում է դեմքը, նոր խոսակցությունների պատճառ են դարձել:
«Երգչուհի Նանան այլևս չի թաքցնում այն, որ պլաստիկ միջամտությունների է դիմում»՝ հետևյալ վերնագրով նյութում հեղինակը վստահություն է հայտնել, թե Նանան պլաստիկ միջամտություններ է կատարել դեմքի հատվածում:
Life.panorama.am-ի հետ զրույցում Նանան նշեց. «Ինչպես միշտ եմ ասել, այս անգամ ևս հաստատում եմ, որ ես երբեք պլաստիկ վիրահատությունների չեմ դիմել: Հրապարակածս տեսանյութում ևս նշում եմ, որ դա բոտեքս չէ, այլ թարմացուցիչ վիտամինային թերապիա, որը դեմքը դարձնում է առավել գեղեցիկ ու խնամված, ինչի կարիքը հատկապես ամռան տապից հետո ունի թերևս յուրաքանչյուր 30-անց կին, էլ չասեմ, որ արտիստները հատկապես պետք է խստագույնս հետևեն իրենց արտաքինին»:
Նանան վստահեցրեց, եթե պլաստիկ միջամտության դիմեր, ապա հաստատ չէր թաքցնի. «Ինձ համար լրիվ նորմալ է, երբ մարդը դիմում է պլաստիկ միջամտության, եթե դրա կարիքը ունի: Հավատացեք, եթե ինքս էլ ցանկանամ դիմել նման միջոցների, ապա հանգիստ կանեմ ու առանց վախենալու կխոսեմ այդ մասին: Երբ կարիք զգամ պլաստիկ միջամտության, ապա կանեմ, բայց Փառք Աստծո, դրա անհրաժեշտությունը չեմ զգում»,- նշեց երգչուհին ու հավելեց.
«Չգիտեմ ինչու մարդիկ սիրում են ինձ քննադատել ու շատ են չարախոսում, տպավորություն է, թե գրում են, պարզապես գրելու համար, բայց գոնե խոսելու տեղին փաստեր գտնեն: Իսկապես չեմ հասկանում թե ինչու և ինչի դիմաց են այդպես անում, չէ որ ես նրանց այդքան շատ եմ սիրում: Ամեն դեպքում, վստահ եմ, որ ինձ սիրող մարդիկ կան ու ես նրանց շատ շնորհակալ եմ»: