Վաղուց էի ուզում դերասանական արվեստում ևս ինձ փորձել. Դիջեյ Սերժո
Advertisement 1000 x 90

Վաղուց էի ուզում դերասանական արվեստում ևս ինձ փորձել. Դիջեյ Սերժո

Հայկական արտադրության սիթքոմների շարքն առաջիկայում ևս մեկը կլրացնի: «Ամուսնացածների լիգա»՝ այսպես է կոչվում Հանրային հեռուստաընկերության նոր սիթքոմը, որը եթերում կլինի Առաջին ալիքի նոր եթերաշրջանում:

Սիթքոմի գլխավոր հերոսներից մեկը դիջեյ Սերժոն է, սա դերասանական արվեստում իր դեբյուտն է:

«Պետք է խոստովանեմ, որ դեռ վաղուց էի ուզում դերասանական արվեստում ևս ինձ փորձել. այս ընթացքում մի քանի առաջարկներ ունեցել եմ, սակայն մշտապես հարմար չեմ գտել ու ինձ ասես չեմ տեսել դրանցում: «Ամուսնացածների լիգան» այդ առաջարկներից կտրուկ տարբերվող էր: Այն ստացա նախագծի պրդյուսերի՝ Արման Միտոյանի կողմից, ով նաև իմ շատ լավ ընկերն է: Նա ներկայացրեց սցենարը, պատմեց հերոսներից մեկի՝ Անրիի մասին, ում առաջարկեց ինքս մարմնավորեմ: Այդպիսով առաջարկն ինձ գրավեց, հաշվի առա նաև այն, որ նախագիծն իրականցնում են իսկապես պրոֆեսիոնալ ստեղծագործական ու դերասանական թիմը»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Սերժոն:

Հետաքրքրվելով, թե ինչպես ինտեգրվեց այս ասպարեզում, մեր զրուցակիցը պատմեց.

«Երբ նոր-նոր էինք սկսում, ես իսկապես ունեի ինտեգրման խնդիր: Ժամանակ էր պետք, որպեսզի կարողանայի լիովին ընկալել այս մասնագիտության շերտերը և ճիշտ կարողանալ այն մատուցել: Խնդիրը բարդանում էր նաև այն առումով, որ իմ խաղընկերներից բոլորն էլ տաղանդավոր ու փորձառու դերասաններ են: Միաժամանակ, չեմ կարող չասել, որ հենց նրանց շնորհիվ էլ կարճ ժամանակում հաղթահարեցի այս փորձությունն ու հիմա գնալով փորձում եմ ավելի կատարելագործել խաղս»:

Սերժոն հրաժարվեց պատմել, թե ինչ է կատարվում «Ամուսնացածների լիգայում», միայն նշեց.

«Սա երեք ընկերների պատմություն է, որոնցից ամեն մեկն ունի իր զույգը: Նրանց հետ անդադար կատարվում են ծիծաղաշարժ դեպքեր, որոնք ուղեկցվում են առողջ հումորով: Ի դեպ՝ նշեմ, որ մարդկանց ծիծաղ պարգևելը շատ դժվար աշխատանք է, հատկապես, երբ այն պետք է անես բարձր մակարդակով: Այսօր մարդիկ կարիք ունեն թեթև ժանրի նախագծերի, որոնք կօգնեն մի քանի րոպեով կտրվել առօրյա հոգսերից: Կարծում եմ, որ նման պրոեկտները շատը ավելին պետք է լինեն, որովհետև ծանր թեմաներ շոշափող հեռուստաֆիլմերն ու նախագծերը մեր օրերում չափից ավելի են»:

Զրույցի վերջում դիջեյ Սերժոն վստահեցրեց, որ դերասանի մասնագիտությամբ հանդես գալը որևէ կերպ չի խոչընդոտի իր աշխատանքին.

«Սա ինձ համար շատ հետաքրքիր փորձ է, որի մասին միշտ էլ մտածել եմ: Այսօր նկարահանումներից մեծ բավականություն եմ ստանում, բայց այն չի կարող խանգարել իմ առաջին գործին: Ես շարունակելու եմ զբաղվել իմ ամենասիրելի աշխատանքով ու հետաքրքիր երգեր մատուցել մեր ունկնդիրներին»,- ավարտեց Սերժոն:

life.panorama.am

 



Նման նյութեր