Սոչիում ընթացող «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող մասնակից Էռնա Միրը (Միրզոյան) սեպտեմբերի 13-ին, եզրափակիչ փուլում ներկայանալու է «In love» վերնագրով երգով:
Էռնան նշել է, որ շատ բարձր տրամադրությամբ պատրաստվում է եզրափակիչ փուլին և ամեն ինչ անելու է հայ երկրպագուների հույսերը մինչև վերջ արդարացնելու համար:
«Պայքարելու եմ մինչև վերջ և անելու եմ ամեն ինչ, որպեսզի հաղթանակը բերեմ Հայաստան և Արցախ: Ամեն ելույթիցս առաջ աղոթում եմ, որ ցանկությունս իրականացնեմ: Իմ աշխատանքը թիմային է, և ես ունեմ ուժեղ թիմակիցներ՝ Լիրա Քոչարյանի գլխավորությամբ»,– ասել է Էռնան:
Իսկ «Արցախի ձայներ» երաժշտական խմբի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը նշել է, որ խմբի սան Էռնան տրամադրված է, որպեսզի առաջին մրցանակային տեղը գրավի:
«Ինչպես արդեն գիտեք՝ Էռնան և Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոն մրցույթին հավասար արդյունքներ են գրանցել, սակայն համոզված եմ, որ եզրափակչում մեր Էռնայի ելույթը կրկին անթերի կլինի և առաջին մրցանակով կվերադառնանք»,- շեշտել է Լիրա Քոչարյանը: