Արաբական մամուլն այսօր ափսոսանքով հայտնել է սեպտեմբերի 11-ին 40 տարեկանում իր մահկանացուն կնքած տաղանդավոր հայ դիզայներ Վիգեն (Վիկ) Վանլյանի մահվան մասին, նշելով, որ Վիկ Վանլյանն արաբական աշխարհում հայտնի անուններից էր:
Նա ժամանակակից ոճով ստեղծագործող դիզայներ էր, որի գործերը զարդարում են շեյխերի, արաբ և օտար աստղերի, նշանավոր մարդկանց բնակարաններն ու առանձնատները: Վիգեն Վանլյանը մի շարք մրցույթների է մասնակցել, իսկ 2012 թվականին ստացել է Միլանի Ներքին կահավորման տոնավաճառի «Միջին Արևելքում ամենաարագ զարգացող ընկերության սեփականատեր» մրցանակը: Մի շարք հայտնի մասնագետներ Վիգեն Վանլյանին անվանել են ապագայի դիզայներ: Նա մահացել է քաղցկեղից:
Երիտասարդ դիզայները հիմնել էր Vick Vanlian Architecture and Design ընկերությունը:
Վանլյան ընտանիքը Վիգեն Վանլյանի մահվան առթիվ ցավակցություններ է ընդունելու Բեյրութի ՀԲԸՄ Դեմիրճյան կենտրոնում, այսօր և վաղը՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 11:00-20:00-ին: