«Տիեռաս դե Արմենիա» ընկերության «Կարաս» ապրանքանիշով նոր գինին տեղ կզբաղեցնի աշխարհի բարձրարժեք գինիների կողքին՝ աշխարհին ներկայացնելով հայկական գինեգործության լավագույն ավանդույթները: Սեպտեմբերի 13-ին կայացավ ընկերության նոր գինու՝ «Գրան Կարաս-2013»-ի շնորհանդեսը, որին մասնակցում էին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, պատվավոր այլ հյուրեր: Գինու շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Գինին առաջիկայում իր արժանի տեղը կգրավի աշխարհի բարձրարժեք գինիների կողքին և գինու կոլեկցիոներների հավաքածուներում: Նման բարձրակարգ հայկական գինու հայտնվելը կնպաստի շուկայի այս սեգմենտում հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Կարաս» գինու գործարանի տնօրեն Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանն ուրախությամբ նկատեց, որ իրենք ներկայացնում են իրենց նոր գինին, որն, անկասկած, նպաստելու է համաշխարհային շուկայում հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը: «Մեր ընտանիքը շատ ուրախ է՝ Հայաստանում այս աշխատանքը սկսելու համար: Ես մեծ սիրով օգնում եմ ընտանիքիս այս գործում և կառավարում եմ «Կարաս» ապրանքանիշի գինիների արտադրությունը: Մեզ համար սա շատ կարևոր աշխատանք է, որովհետև ցանկանում ենք գինեգործությանը զարկ տալու եղանակով նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- նշեց նա:
Գինու գործարանի երիտասարդ տնօրենը վստահ է, որ Հայաստանում գինեգործությունը զարգացման հսկայական ներուժ ունի, իսկ հայկական գինիները կարող են ուրույն տեղ ունենալ համաշխարհային շուկաներում: «Հայաստանում գինեգործությունն ավելի քան 6 հազար տարվա պատմություն ունի, ինչը հիանալի հնարավորություն է, որպեսզի Հայաստանը դառնա գինեգործության առաջատար երկիր: Ես համոզված եմ, որ մենք մի քանի տարվա ընթացքում կհասնենք այդ արդյունքին»,- ընդգծեց Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը:
Նա հավելեց, որ իր քեռին՝ հայազգի բարերար Էդուարդո Էռնեկյանը միշտ ասում է, որ ցանկանում է բոլոր հնարավոր եղանակներով նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը: «Այսօր մենք շատ ուրախ ենք, որ ներկայացնում ենք մեր նոր գինին, որն արտահանելու ենք ողջ աշխարհով մեկ՝ աշխարհին ներկայացնելով մեր պատմությունը: Գինին, որը ներկայացնում ենք մեր 10 տարվա աշխատանքի արգասիքն է: Մենք պատրաստվում ենք սրանով դնել հայկական գինեգործության առաջընթացի նոր սկիզբը: Այն նաև շուրջ 500 մարդու քրտնաջան աշխատանքի արդյունքն է, և մենք շնորհակալ ենք նրանցից յուրաքանչյուրին իրենց կատարած աշխատանքի համար»,- ընդգծեց Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ Հայաստանը գինեգործության զարգացման մեծ ներուժ ունի: Նրա խոսքով՝ հայկական գինին ինքնատիպ է. «Կարծում եմ, որ Հայաստանում գինեգործությունը պետք է զարգանա, քանի որ հայկական գինին մեր հիանալի ու արևահամ բերքի արդյունքն է: Այն, ինչ այսօր ներկայացնում է «Կարաս»-ը, այդ բերքի ևս մեկ հետաքրքիր արդյունքն է: Եթե այս արդյունքը շարունակություն ստանա, կարծում եմ, որ հայկական գինին համաշխարհային շուկայում իր արժանի տեղը կունենա, իսկ Հայաստանը կդառնա գինեգործության առումով առաջատար ու հայտնի երկիր»,- ընդգծեց ՀՀ արդարադատության նախարարը:
Նրա խոսքով՝ «Կարաս»-ի գործունեության տարիներն այդ վստահությունը ներշնչում են: