Արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանը «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ը համարում է ներդրում ապագայի, երեխաների համար: Հանրակրթական դպրոցի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը լրագրողների հետ զրույցում արգենտինահայ բարերարն ասաց, որ շատ է հավանել դպրոցը: «Ես շատ ուրախ եմ, ամեն ինչ այստեղ գեղեցիկ է եւ ուժեղ, ապագայի տեսլականով է կառուցված»,-ասաց նա:
Էռնեկյանի խոսքով` մանր քայլերով ապագան պետք է կերտել հայրենիքում: «Այստեղ մենք պետք է ներդնենք մեր սփյուռքի ջանքերը, քանի որ ապագան այստեղ է եւ դա նաեւ իմ նպատակն է»,-հավելեց բարերարը:
«Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից եւ Էդուարդո Էռնեկյանի բարերարությամբ` 2009 թվականի սեպտեմբերի 1-ին ` Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոցի հենքի վրա:
Դպրոցում գործում է 32 դասարան` 1-12 դասարանի 471 աշակերտներով: