Աշխարհի ամենածեր պանդան՝ Բասի մականվամբ, սատկել է Չինաստանի Ֆուցզյան արևելյան նահանգի Ֆուչժոու քաղաքի գիտահետազոտական կենտրոնի տարածքում: Այդ մասին սեպտեմբերի 14-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը: Նա 37 տարեկան էր:
«Այդ տարիքը համարժեք է մարդկային կյանքի հարյուր տարվան»,- նշել են մասնագետները լրագրողների հետ զրուցելիս: Նրանց խոսքով՝ կենդանու մարմինը դրվելու է հատուկ թանգարանում, որը «կառուցվել է էգ բամբուկե արջի հիշատակի հավերժացման համար, որը բնության և մարդու միջև փոխհարաբերությունների ներդաշնակության խորհրդանիշն է դարձել»:
Ինչպես նշում են բժիշկները, սատկելուց առաջ մի քանի ամսվա ընթացքում երկարակյաց պանդան տառապում էր մի քանի հիվանդություններից, մասնվորապես լյարդի ցիռոզից և երիկամային անբավարարությունից: Աշխարհը Բասիի մասին առաջին անգամ իմացավ 1987 թվականին, երբ ՉԺՀ-ի կառավարությունը նրան Խաղաղ օվկիանոսով «գործուղման» ուղարկեց ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքի կենդանաբանական այգի:
Այնտեղ պանդան ապրեց կես տարի: Այդ ընթացքում միջազգային ԶԼՄ-ները ավելի քան 20 հազար նյութ գրեցին նրա մասին: Լրագրողներն այն ժամանակ Բասիին տվեցին բազմաթիվ մակդիրներ, այդ թվում՝ «անկրկնելի պանդա», «բարեկամության հրեշտակ», «խաղաղության դեսպանորդ»:
Հետագայում նա շարունակել է տպավորիչ կարիերա անել. 1990 թվականին Բասին արու Պանպանի հետ միասին դարձավ 1990 թվականի Պեկինի Ամառային ասիական խաղերի պաշտոնական թալիսմանը, մասնակցեց Չինաստանի մայրաքաղաքում անցկացված մի շարք տոնական միջոցառումների: