Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը «Դեպի երազանք» 25 մասանոց հեռուստանովելի ավարտից հետո չի նկարահանվում նոր հեռուստասերիալում։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ այս փուլում նկարահանումների առաջարկներ ստացել է, սակայն չի ընդունել, քանի որ զբաղված է այլ գործերով։
«Այս փուլում հայաստանյան ոչ մի նախագծում չեմ նկարահանվի։ Ես շարունակում եմ ինտենսիվ աշխատել, սակայն դեռ չեմ կարող բացահայտել, թե ինչի ուղղությամբ։ Մի քանի օրից հանդիսավոր կերպով կհայտարարվի այդ մասին։ Միայն կասեմ, որ շատ մեծ նորություն է սպասվում։ Հայաստանը նման փորձ երբևէ չի ունեցել»,– ասաց նա։
Ժամանակին մտահղացում կար, որ դերասանուհի Մերի Հակոբյանը և Շուշանը վիդեոբլոգ սկսեն։ Տաթև–Շուշան–Մերի եռյակն այժմ չի խոսում իրենց հարաբերությունների մասին։ Շուշանն անհատական վիդեոբլոգ սկսելու ցանկություն ունի, սակայն ոչ Հայաստանում։ «Եթե ամեն ինչ իր հունով գնա, հնարավոր է` սկսեմ վիդեոբլոգ։ Այդ գաղափարն ինձ դուր է գալիս, սակայն այն դեպքում, եթե հնարավոր լինի կիրառել ոչ միայն Հայաստանի սահմաններում։ Օրինակ, շրջագայությունների շարք լինի, որի ընթացքում վիդեոբլոգ կվարեմ։ Հայաստանյան պայմաններում նման բան անել չեմ ուզում»,– ասաց նա։
Խոսելով մոդելային կարիերայի մասին` Շուշանը նշեց, որ ոլորտի զարգացման համար լավ կլիներ, եթե Հայաստանում մոդելինգի դպրոցներ բացվեին։ Նա ասաց, որ թեև ինքը Հայաստանում մոդելային աշխատանքով, գրեթե, չի զբաղվում, շատ կուզեր, որ ոլորտը զարգացած լիներ։ Նա հույս հայտնեց, որ «Միսս Արմենիա» մրցույթը կխթանի դրան։
«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում կանցկացվի «Միսս Հայաստան» մրցույթը։ Հուսով եմ` ամեն ինչ կանցկացվի բարձր մակարդակով և կնպաստի, որ հաջորդիվ մասնակիցներն ավելի մեծ մոտիվացիա ունենան` ներկայանալու մրցույթին։ Շատ ուրախ կլինեմ, եթե ոլորտը զարգանա, մենք ունենանք նոր էտապ, և Հայաստանը մասնակցություն ունենա միջազգային այնպիսի մրցույթի, ինչպիսին է «Միսս Աշխարհը»։ Դա էլ է մեր երկրի պատիվը»,– ասաց նա։
Հայ դիզայներների հավաքածուների ցուցադրություններին Շուշանը չի մասնակցում։ Հարցին` հրավերնե՞ր չեն լինում, թե՞ ինքն է հրաժարվում, նա պատասխանեց. «Ես բացառիկ դեպքերում Հայաստանն եմ ներկայացնում ինչ–որ գեղեցկության մրցույթներում կամ նկարահանվում եմ բրենդների համար։ Հնարավոր է` լինի ինձ հարազատ դիզայներ, որի ցուցադրությանն ընկերական հարաբերություններից ելնելով քայլեմ։ Շատ դեպքերում, ինձ դուր չի գալիս կազմակերպվածության մակարդակը։ Նախընտրում եմ տարին մեկ անգամ բեմ բարձրանալ, բայց այնպիսի բեմ, որտեղ ինձ լիարժեք կզգամ։ Բացի այդ, իմ առաջին մասնագիտությունը դերասանությունն է և ժամանակ էլ չեմ ունենում»։
Շուշանն այժմ մասնագիտական դասընթացների է մասնակցում որպես դերասանուհի։ Այս տարի նա կավարտի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգակին ակադեմիական թատրոնին կից Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական ստուդիայի դերասանական կուրսի եռամյա դասընթացները։ «Այս տարի ավարտելու եմ և կլինեմ դիպլոմով դերասանուհի, ինչպես սիրում է հայ ժողովուրդը»,– ասաց նա։