Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է, որն առաջանում է օրգանիզմի՝ թմրանյութերին ընտելանալու պատճառով և դրսևորվում է մարմնական, նյարդային և հոգեկան բազմաթիվ խանգարումներով։ Թմրադեղերը բժշկության մեջ կիրառվող թմրաբեր ցավազրկողներն են։
Անօրինական ճանապարհով պատրաստված թմրանյութերն առողջապահության մեջ կիրառվող թմրադեղերի առավել ուժեղ և վտանգավոր տարբերակներն են։ Թմրադեղերը և քնաբերները ընդունվում են ցավազրկման և հանգստացման նպատակով։ Բոլոր թմրադեղերի և ուժեղ հանգստացնողների ընդունումն առանց դեղատոմսի համարվում է անօրինական, իսկ նրանց մի մասն ընդհանրապես դուրս չի գրվում։ Ամենահաճախ հանդիպող թմրանյութերն են մորֆինը, կոդեինը, հերոինը։
Թունամոլությունը հիվանդություն է, որն առաջանում է բոլոր այն թունավոր նյութերի և դեղամիջոցների չարաշահումից, որոնք չեն մտնում թմրանյութերի ցուցակի մեջ։
Բոլոր ուժեղ թմրանյութերը և մոլություն առաջացնող որոշ այլ նյութեր վտանգավոր են ոչ միայն կախյալություն առաջացնելու, այլև հանդուրժողականության առումով: Հանդուրժողականությունը որևէ նյութի՝ երկարատև ընդունման հետևանքով մարդու վրա դրա ներգործության արդյունավետության անկումն է։
Դրա հետևանքով մարդը տվյալ նյութի ցանկալի ազդեցությանը հասնելու նպատակով մեծացնում է դրա ընդունման չափը և հաճախությունը։ Դա գերդոզավորման պատճառ է դառնում, ինչից էլ հաճախ մահանում են թմրամոլներն ու թունամոլները։
Գերդոզավորումը դեղանյութի թունավոր կամ մահացու քանակի ընդունումն է։
Ավելի լավ է չփորձել…
Թմրամոլության և թունամոլության բուժումը շատ բարդ է։ Սա հասարակական և սոցիալական խնդիր է։
Այս հիվանդությունները դասվում են պարտադիր բուժման ենթակա հիվանդությունների շարքին և բուժվում են հատուկ նարկոլոգիական դիսպանսերներում։ Թմրամոլության և թունամոլության կանխման միակ արդյունավետ միջոցը երբեք չփորձելն է։ Առավել ևս, որ հիմա կան այնպիսի թմրանյութեր, որոնց նույնիսկ մեկ ընդունումը բերում է կախյալության։
Երբ դուք կասկածում եք, թե տուժածը չարաշահել կամ սխալ է ընդունել որևէ նյութ, անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։ Գործեք նույն ձևով, ինչպես լուրջ թունավորումների դեպքում։ Եթե տուժածն ընդունած նյութերի ազդեցության տակ դարձել է անկառավարելի և վտանգավոր, ապահովեք ձեր սեփական անվտանգությունը և սպասեք բժշկական անձնակազմի ժամանելուն։
Աղբյուրը` Հայկական կարմիր խաչի ընկերություն