Արամ Բարեղամյան. Բանանցում կամքի ուժ է ձևավորվել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արամ Բարեղամյան. Բանանցում կամքի ուժ է ձևավորվել

«Բանանցի» փորձառու ֆուտբոլիստ Արամ Բարեղամյանը 2017/18 մրցաշրջանի առաջին հանդիպումն անցկացրեց նախորդ շաբաթ կայացած «Արարատի» դեմ մրցավեճում, երբ «Բանանցը» տոնեց առաջնության առաջին հաղթանակը:

Արամ Բարեղամյանը պատասխանել է «Բանանցի» պաշտոնական կայքի հարցերին.

– Սկզբում ամենակարևորի` առողջության մասին: Մասնակցեցիր «Բանանցի» նախորդ երկու հանդիպումներին՝ նախ «Արցախի» դեմ ստուգողական խաղին, ապա «Արարատի» դեմ առաջնության հանդիպմանը: Ինչպե՞ս ես քեզ զգում:

– Փառք Աստծո, արդեն լավ եմ: Ինձ համեմատաբար ավելի լավ եմ զգում և կարելի է ասել, որ վնասվածքս արդեն անցյալում է: Շնորհակալություն եմ հայտնում մեր բժիշկներին, ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի լավ վերականգնվեն:

– Առաջին չորս հանդիպումներին հետևեցիր տրիբունայից: Դրամատիկ հանդիպումներ էին, թիմը պարտվողի դերում էր և հետո կարողանում էր հետ բերել կորցրածը: Ինչպե՞ս էր այդ ամենը նայվում կողքից:

– Երբ չես կարող խաղալ և թիմին օգնել, շատ դժվար է, բայց կողքից նայելիս երևում էր, որ թիմում ձևավորվել է կամքի ուժ: Եթե նայենք, ապա բացի մի խաղից բոլոր խաղերում գոլեր ենք ընդունել սկզբում, իսկ հետո կարողացել ենք փրկելլ խաղը:

– Խոսենք «Արարատի» դեմ նախորդ հանդիպման մասին: Նույն սցենարով ընթացավ նաև այս հանդիպումը, բայց վերջապես «Բանանցին» հաջողվեց հաղթել: Ինչպե՞ս կբնութագրես այդ հանդիպումը:

– Այո, նորից սկզբում գոլ բաց թողեցինք, հետո նույն կամպի ուժի շնորհիվ կարողացանք երկու գոլ խփել և հաղթել մրցակցին:

– Առաջիկա խաղում «Բանանցի» մրցակիցն է «Փյունիկը»: Ի՞նչ կասես այս մրցակցի մասին և ի՞նչ ակնկալիքներ ունես այդ հանդիպումից:

– «Փյունիկն» ինչպես միշտ լավ մրցակից է, ունի լավ կազմ, լավ տաղանդավոր երիտասարդներ: Բայց մենք ձևավորված կամքի ուժի, մեծ ցանկության և աշխատասիրության շնորհիվ կարող ենք հաղթանակի հասնել:

– Հուսով եմ, որ պետք չի դրա համար առաջինը գոլ բաց թողնել:

– Եթե առաջին գոլը բաց թողնելուց հետո հնարավոր լինի հաղթել, թող ուրեմն այդպես լինի:

armsport.am