Արտագաղթի մեղավորը ժողովուրդն է, որ չի գնահատում անկախությունը. Գալուստ Սահակյան. a1plus.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արտագաղթի մեղավորը ժողովուրդն է, որ չի գնահատում անկախությունը. Գալուստ Սահակյան. a1plus.am

2018-ի ապրիլի 9-ից հետո Հայաստանի վարչապետը պետք է լինի Սերժ Սարգսյանը,- այսօր հայտարարել է Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանը. «Ուրիշ երկրորդ մարդ չկա»:

Վարչապետի թեկնածուին առաջարկելու է Հանրապետականը և, ըստ պարոն Սահակյանի, հաջորդ տարվա ապրիլին Հանրապետականը չի կարող չառաջարկել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հանրապետականում շատ- շատ են մարդիկ, որոնք նույնպես ուզում են, որ հաջորդ տարի վարչապետ դառնա ոչ թե Կարեն Կարապետյանը, այլ Սերժ Սարգսյանը. «Ոչ միայն հիմնական գործադիր մարմինը, այլ ընդհանրապես, որոնք նաև տեղերում կուսակցական կազմակերպություն են, դրանց հիմնական մասը ձգտում է դրան»:

Սերժ Սարգսյանի վարչապետությանը դեմ որևէ հանրապետականի այսօր պարոն Սահակյանը չգիտի: Եվ չի կարծում, որ կես տարի առաջ Հանրապետականի այսպիսի դիրքորոշումը կարող է տհաճություն պատճառել կուսակցության երկրորդ դեմքին՝ Կարեն Կարապետյանին. «Սերժ Սարգսյանը պետության մեջ միակ մարդն է, որը ունի քաղաքական միավոր, կուսակցություն, մնացածը՝ ոչ էսօրվա վարչապետը, ոչ Գալուստ Սահակյանը, ոչ մյուսը… ամբողջական թիմ էդպիսին չունենք»:

Այսօր պարոն Սահակյանն առաջինն է բարձրաձայնում Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու մասին, որպեսզի երբ օրը գա, որևէ հանրապետական չտատանվի և իմանա իր անելիքը: Գալուստ Սահակյանը հայտարարում է՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է. «Այս պահին մենք չունենք մարդ, եթե որևէ մեկը կա՝ թող ասի»:

Պարոն Սահակյանը լսել է, որ որոշ մարդիկ ասում են, թե խորհրդարանական համակարգում վարչապետ կարող է աշխատել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Խորհրդարանի նախկին ղեկավարին դա խելքին մոտիկ չի թվում. «Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ուժ չունի»:

Առիթից օգտվելով պարոն Սահակյանը կասի՝ Հայաստանում այսօր ընդդիմություն չկա, իշխանությունը մնացել է առանց իրեն ուժ տվող քաղաքական կուսակցության, իհարկե, Գալուստ Սահակյանը դրանից ավելի չի թուլանում. «Համենայնդեպս, ես նստած եմ ձեր առաջ, երբեք չեք տեսնի, որ ես երերամ»:

Պարոն Սահակյանին չի մտահոգում այն, որ փոքրաթիվ ընդդիմադիրները ժողովրդավարական չեն համարի իշխանության մեջ մնալու Սերժ Սարգսյանի ձգտումը. «Ընդդիմությունը փոխանակ ցանկանա իր գործողություններն այնպես զուգորդի, որ ինքը գա իշխանություն, հիմա սկսել ա մեզ թելադրել, թե մենք ում պիտի ընտրենք»:

Ի դեպ, պատասխանելով այն հարցին, թե Սերժ Սարգսյանի մնալով Հայաստանից կարտագաղթի ևս 350 հազար մարդ, Գալուստ Սահակյանն ասում է, որ իր ղեկավարը մեղավոր չէ, մեղավորը ժողովուրդն է, որ դեռ չի գնահատում անկախությունը:

a1plus.am



Նման նյութեր