«Նոր ալիքում» հաղթանակից ժամեր հետո Էռնա Միրն առաջին հարցազրույցը տվեց Tert.am Life–ին։ Թեև ժամանակը սուղ էր և զրույցը հակիրճ ստացվեց, Էռնան խոսել էր առաջին տպավորությունների մասին։ Այսօր արդեն երգչուհին և իր թիմը ժամանեցին Հայաստան։ Էռնան ավելի հանգիստ պայմաններում պատասխանեց Tert.am Life–ին մյուս հարցերին։
«Իրականում դժվար էր, բայց ես արդեն կարոտում եմ այդ բոլոր դժվարությունները։ Ե՛վ շատ դժվար էր, և՛ հաճույք էի ստանում։ Ամեն ինչ շատ լավ էր, դրական էմոցիաները շատ էին։ Թե՛ աշխատելիս, թե՛ ելույթի ժամանակ ես հաճույք էի ստանում։ Զգում էի, որ ինչ-որ առումով մեծանում եմ։ Շատ ուրախ եմ, որ ես ու Սյուզաննան բռնել ենք այդ ալիքը և հաղթանակով վերադարձել Հայաստան»,– ասաց Էռնան։
3 օրերի արդյունքում Էռնան միայն մեկ «10» միավոր ուներ։ Պրեմիերաների օրը նրան «10» նշանակեց հույն պրոդյուսեր Դիմիտրիս Կոնտոպուլոսը։ Երգչուհին «11»–ի էր սպասում։ «Ես մտածում էի, որ «11» պետք է լինի, սակայն դա էլ պետք է լինի, պիտի «10», «9» էլ լինի։ Կարևորն այն է, որ կարողանաս աշխատել հանդիսատեսի հետ, նրանք քեզ սիրեն և հիշվես։ Կարծում եմ` ինչ–որ չափով հիշվեցի և կարողացա լավ ներկայացնել Հայաստանը»,– ասաց երգչուհին։
Ամբողջությամբ՝ life.tert.am