Մոսկվայում սեպտեմբերի 11-14-ն ընթացող «WorldFood Moscow 2017» միջազգային ցուցահանդեսում, որի գործընկեր երկիրն է Ադրբեջանը, մեր երկիրը ներկայացնող՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի կառուցած տաղավարը լավագույնն է ճանաչվել։
ՀԶՀ աջակցությամբ մեր երկրի սննդարդյունաբերության ոլորտը մոսկովյան էքսպոյին ներկայացնում են 16 հայկական ընկերություն:
Հայաստանի զարգացման հիմնադրամից հայտնում են, որ «WorldFood Moscow 2017»-ի կազմակերպիչները մրցանակը ՀԶՀ Մարքեթինգի թիմի միջոցառումների կազմակերպիչ Լուսինե Բալայանին են հանձնել այն ժամանակ, երբ Հայաստանի տաղավարում միջազգային գնորդների ու մատակարարների համար կազմակերպվել էր համտես։ Ընտրությունը կատարվել է փորձագիտական հանձնաժողովի ու այցելուների կողմից։
«Սա գնահատում եմ որպես մեր թիմի՝ մարքեթինգային լավ արդյունք և, հետևաբար, էքսպոյի մասնակից ընկերություններից ակնկալում եմ ավելի հաջող բանակցություններ ու արտահանման ավելի մեծածավալ պատվերների պայմանագրեր»,- նշել է ցուցահանդեսի օրերին հայ արտադրողների հետ Մոսկվայում գտնվող՝ ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Նախորդ ցուցահանդեսից հայկական արտադրողները վերադարձել են շուրջ 570 միլիոն դրամի արտահանման 12 պայմանագրերով։
Հայկական տաղավարում ներկա են եղել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Հիմնադրամը տեղական արտադրողներին աջակցում է արտահանման խթանման՝ Կառավարության ռազմավարության շրջանակում։