Եվս երկու երկվորյակ եմ ուզում ունենալ. Նորա Գրիգորյանի և Էրվին Ամիրյանի երեխաները մեկ տարեկան են. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Եվս երկու երկվորյակ եմ ուզում ունենալ. Նորա Գրիգորյանի և Էրվին Ամիրյանի երեխաները մեկ տարեկան են. life.panorama.am

Բեմադրիչ, դերասանուհի Նորա Գրիգորյանը ճիշտ մեկ տարի առաջ լույս աշխարհ բերեց իր երկվորյակներին, որից հետո, ինչպես ինքն է ասում, փոխվեց ամեն ինչ, անգամ քաղաքի գույները:

Life.panorama.am-ի հետ զրույցում Նորան նշեց, որ այսօր զգացողությունները աննկարագրելի են` հատ առ հատ հիշում է մեկ տարի առաջ ունեցած հուզմունքը, առաջին հանդիպումն ու երջանկության արցունքները.

«Հավատս չի գալիս, որ արդեն մեկ տարի է անցել: Նայում եմ երեխաներիս ու հարց տալիս` էս ինչ մեծ երջանկություն է, որին արժանի դարձա: Սկզբում, երբ նոր էին ծնվել, հաճելի զգացողությունների հետ մեկտեղ շատ էին նաև դժվարությունները, թվում էր, թե մի անվերջություն է տևելու, մինչև կմեծանան, բայց հիմա, երբ առավել լավ եմ հասկանում, թե որքան արագ է ժամանակն անցնում, չեմ ուզում ոչ մի վայրկյան բաց թողնել, ուզում եմ անվերջ հետևել նրանց մեծանալուն, թեև այդ հարցում աշխատանքս ու կենցաղային այլ խնդիրները խանգարում են»,- պատմեց Նորան ու ժպիտով հավելեց.

«Երբ տեսնում եմ, թե ինչ արագ են մեծանում, արդեն մտածում եմ, որ ևս երկու անգամ երկվորյակ եմ ուզում ունենալ»:

Խոսելով փոքրիկների ծնունդից հետո իր կյանքում կատարված փոփոխությունների մասին` դերասանուհին նշեց.

«Մեր հարազատների շրջանում ոչ մեկ փոքրիկ երեխա չուներ ու այդ ամենն ինձ համար շատ անորոշ և անծանոթ էր: Հետո, իհարկե, սովորեցի ու հմտացա: Հղիության ընթացքում նաև շատ քաշ հավաքեցի, որը ևս ինձ համար ստրեսային էր, բայց ուրախ եմ, որ ինձ հաջողվեց հաղթահարել նաև այդ խնդիրը: Ինչ վերաբերվում է հոգևոր փոփոխություններին, մայրանալուց հետո հասկացա, որ ծնողը օրը 24 ժամ մտածում է իր երեխայի մասին, նրանց ամեն մի մանր հաղթանակները այնքան մեծ ու կարևոր են, որ շատ են ազդում իմ կյանքի վրա: Հիմա երեխաներս դարձել են կյանքիս ամենաթանկ էակները, արդեն հասկանում եմ, թե մարդիկ ինչու են պարտադիր ուզում երեխա ունենալ: Նրանց ծնունդով ներսումդ մեծ սեր է ծնվում ու դու անդադար ուզում ես արտահայտել այն` նրանց անընդհատ համբուրել, շոյել ու գրկել: Զգացողություններս շատ հետաքրքիր են, որոնք բառերով նկարագրելն ահնար է: Միայն փաստ է, որ եթե կես տարի առաջ ինձ հարցնեին, թե էլի երեխաներ կցանկանա՞մ ունենալ, ես կասեի` ոչ, իսկ հիմա ես ասում եմ, որ պատրաստ եմ էլի ու էլի մայրանալ»:

Նորայի խոսքով, թեև երեխաները ընդամենը մեկ տարեկան են, բայց այսօր ասես զգում են, որ սովորական օր չէ.

«Այսօր առավոտից նրանք շատ բարձր տրամադրություն ունեն, անվերջ ժպտում են, ծիծաղում, միմյանց հետ իրենց լեզվով խոսում: Ի դեպ` աղջիկս ու տղաս բնավորություններով շատ տարբեր են, բայց դրա հետ մեկտեղ շատ կապված են իրար: Ամեն ծնողի համար էլ իր երեխան յուրահատուկ է ու ես էլ բացառություն չեմ: Կարծում եմ` բալիկներս շատ բարի են: Աղջիկս ավելի խորամանկ է, շատ շուտ է ընկալում շուրջը կատարվածը, իսկ տղաս` անասելի բարի է: Իմիջայլոց, նրանք որքան էլ իրար շատ են սիրում, բայց նաև խանդում են: Օրինակ, երբ Էրվինը մեկին գրկում է, մյուսն անմիջապես արձագանքում է ու հասկացնում, որ իրեն էլ գրկի: Շատ կցանկանամ, որ ողջ կյանքում նրանք միշտ միասին լինեն, իրար կողքի: Ինչպես իմ ծնողները, այնպե էլ Էրվինի ծնողները մեզ հենց այդպես են դաստիարակել, ես և եղբայրս շատ կապված ենք իրար հետ, նույն կերպ և Էրվինն իր քրոջ հետ, ով, ի դեպ, հատուկ մեր փոքրիկների տարեդարձին ներկա լինելու համար եկել է Հայաստան»,- նշեց երջանիկ մայրիկը:

Այսօր Նորա Գրիգորյանը կրկնակի ուրախանալու պատճառ ունի.

«Այսօր գեղեցիկ երեկո կկազմակերպենք, իսկ ուրախանալուս պատճառները կրկնակի են, քանի որ հայրս` Ալեքսանդր Գրիգորյանն, իրեն լավ է զգում և որոշել է, որ մեզ հետ միասին նշելու է թոռնիկների առաջին տարեդարձը: Քանի որ շատ շոգ է, որոշել ենք լողովազանի մոտ նշել տոնական օրը, ի դեպ` այսօր նաև բալիկներիս ատամհատիկն է»,- նկատեց նա»:

Նորան ու ամուսինը` Էրվին Ամիրյանը, երեխաների առաջին տարեդարձին նախապատրաստվել են դեռ ամիսներ առաջ.

«Գրեթե վեց ամիս առաջ ես ու ամուսինս որոշեցինք դրամարկղ բացել հատուկ բալիկների տարեդարձի համար, այնպես որ այսօր նվերները շատ են լինելու: Նշեմ նաև, որ մայրս է երկար պատրաստվել այս օրվան, էլ չասեմ, որ նա հոգ է տանում, որ երեխաներիս զգեստապահարանը միշտ լիքը լինի: Նա շատ մեծ ոգևորությամբ է այդ ամենին վերաբերվում»,- ծիծաղելով ավարտեց մեր զրուցակիցը:

life.panorama.am



Նման նյութեր