Life.panorama.am-ն զրուցել է դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանի հետ երևանյան ժամանցի, փոքրիկի և ամուսնու հետ Երևանում ապրելու մասին:
«Ինչպես շատերն են նկատում, հաճախ եմ գալիս Երևան, քանի որ շատ եմ կարոտում հարզատներիս ու իմ սիրելի քաղաքը: Ամուսինս էլ դեմ չէ, որ շուտ-շուտ գամ, ավելին`շատ ժամանակ, երբ կարոտում է Երևանը, բայց գործերի պատճառով չի կարողանում գալ, ինձ է ուղարկում»,- ժպիտով պատմեց Մարիամ Մելիքյանը:
Դերասանուհու խոսքով` ինքն ու ամուսինը որոշել էին այս ամռանը հանգստի չմեկնել բալիկի շատ ակտիվ լինելու պատճառով, սակայն ի վերջո հասկացել են, որ հանգստի կարիք կա.
«Հատկապես ամուսինս չէր կարող առանց մի քանի օր հանգստանալու, այնպես որ ստիպված եղանք մեր շատ ակտիվ ու չարաճճի փոքրիկի հետ մեկնել ծով, ինչպես անցյալ տարի: Դե իսկ ծովափնյա հանգստից հետո որոշեցի, որ պետք է նաև Երևան գամ, իսկ ավելի ուշ մեզ կմիանա նաև ամուսինս»,- ընդգծեց նա:
Մարիամ Մելիքյանի խոսքով` երևանյան ժամանցն իր համար շատ հաճելի է, քանի որ իրեն են ընկերակցում ընտանիքի անդամները, ընկերներն ու հարազատները:
Խոսելով դստեր մասին` Մարիամը պատմեց.
«Այս տարի մեր այցը Երևան յուրօրինակ էր նրանով, ով աղջիկս շփվում է եղբորս փոքրիկի հետ: Ինձ համար շատ հետաքրքիր փաստ եմ հայտնաբերել. աղջիկս չափազանց խանդում է, երբ ես գրկում եմ եղբորս բալիկին: Հենց ես ձեռքս եմ վերցնում փոքրիկին, աղջիկս անմիջապես գալիս ու ինձ է փաթաթվում: Գուցե ասածս տարօրինակ թվա, բայց դա այնքան հաճելի զգացողություն է, երբ զգում ես, որ բալիկիդ համար դու ամեն ինչ ես, զգում ես այդ անսահման սերը: Միաժամանակ, փորձում եմ աղջկաս այնպես դաստիարակել, որ խանդը պակասի, քանի որ մտադրություն ունենք կրկին բալիկ ունենալ»:
Հարցին, թե ինքն ու ամուսինը կոնկրետ պլաններ ունե՞ն երկրորդ բալիկն ունենալու հետ կապված, պատասխանեց.
«Փաստն այնն է, որ մոտ ապագայում դա չի լինի, քանի որ Միլան իսկապես չափից ավելի ակտիվ երեխա է: Հիմա մեր ողջ ուշադրությունը նրա վրա է կենտրոնացած, քանի որ ինքն իրեն նաև կարող է վնասել: Օրինակ` վերջերս մի քանի վայրկյան ուրիշ կողմ նայելու պատճառով Միլան քիչ էր մնում 8-րդ հարկից ընկներ, քանի որ վախ չունի և ազատ աթոռի վրա է բարձրանում ու պատուհանից նայում: Մի խոսքով, նա այնքան ակտիվ է, որ անգամ մեկ այլ մարդու չեմ կարող վստահել, միայն մայրիկիս մոտ եմ առանց անհանգստանալու թողնում»:
Հետաքրքրվելով, թե Մարիամ Մելիքյանը աշխատանքային առաջարկներ չունի, նկատեց.
«Մի քանի առաջարկներ ունեմ, բայց դրանցից հրաժարվել եմ, քանի որ ուզում եմ լուրջ վերաբերվել աշխատանքիս, իսկ հեռավորության վրա դա անելն այնքան էլ լուրջ չէ: Ապագայում, երբ մշտական բնակությամբ վերադառնանք Երևան, իհարկե, կնկարահանվեմ և սիրով կներկայանամ հեռուստադիտողին»:
Մարիամը վստահեցրեց` ինքն ու ամուսինը ուզում են վերադառնան և Երևանում ապրեն.
«Ես ու ամուսինս ուզում ենք Երևանում ապրենք: Երբ ամուսնուս գործերում ամեն ինչ կարգավորվի, մեր առաջին քայլը Երևան վերադառնալը կլինի: Հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, տեսնենք, թե ինչպես ամենը կդասավորվի»,- նշեց նա: