Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Գաբիի մենահամերգին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Գաբիի մենահամերգին. life.tert.am

Հայկական երգերն առանց ձևափոխման և կատարողական նորամուծությունների. երգչուհի Գաբին երեկ մենահամերգ ունեցավ Երևանի ժամանցի կենտրոններից մեկում, որի ժամանակ ներկայացրեց հայկական ժողովրդական երգերը։ Tert.am Life–ը ներկա է եղել միջոցառմանն ու իր ընթերցողներին է ներկայացնում երեկոյի հետաքրքիր պահերն ու հարցազրույցը երգչուհու հետ։

«Ընտրել էինք հայկական ամենասիրված երգերը։ Ներկայացրեցի գուսան–աշուղական, ժողովրդական և ազգագրական երգեր։ Իմ երգացանկից ստեղծագործություններ չկային։ Երգերի որոշակի մասն ընտրել է իմ պրոդյուսեր Կարպիս Թիթիզյանը»,– ասաց երգչուհին։ Համերգի ժամանակ Գաբիի երգացանկից միայն մի երգ հնչեց՝ տեսահոլովակի պրեմիերայի տեսքով։ «Հայաստան» կոչվող երգի տեսահոլովակը շուտով կլինի եթերում։

Ծնունդով  քեսաբցի պրոդյուսերի առաջարկով Գաբին երգ ունի նաև Քեսաբի բարբառով։ «Հալա–հալա»–ի կատարումը սկզբում երգչուհուն անհնար էր թվում։ «Երբ առաջին անգամ լսեցի երգը, ինձ թվում էր` երբեք չեմ կարողանա կատարել։ Լեզուն բարդ է, շատ դժվար արտասանություն ունի։ Ժամանակ պահանջվեց, որ սովորեմ։ Շատ ուրախ եմ, որ ստացվեց, շատ եմ սիրում այս ստեղծագործությունը»,– պատմեց նա։

Երգչուհին զուգերգով ներկայացավ Մրրոյի՝ Արսեն Գրիգորյանի հետ։ Նա նկատեց, որ, երբ Մրրոն բեմում է, էներգետիկայի պակաս չկա, ինքը հպարտ է նրա հետ երգելու առթիվ։

Գաբին կարևորում է հայկական ժողովրդական երգերի կատարումն առանց ձևափոխման։ «Ես միշտ շեշտել եմ, որ ժողովրդական երգը հիթ չի դառնում։ Դա այդպես է, բայց այն միշտ ունի ծանրակշիռ լսարան։ Նույնիսկ փոքր երեխան իրեն գտնում է այդ երգերի մեջ, քանի որ դրանք  մեր արյան մեջ են։ Հիմա ժողովրդականը շատ է միքսվում փոփ, հաուս և այլ ոճերի հետ։ Ժողովրդական երգերի անաղարտ տարբերակների մատուցման բաց կա, որը ես փորձում եմ լրացնել։ Երաժշտախմբիս անդամները նոր սերնդից են, բայց բոլորս պահում ենք ազգայինը»,– նշեց երգչուհին։

Երգչուհին առաջին անգամ էր ներկայանում մենահամերգով։ Հանդիսատեսի ջերմությունը նրան ոգևորել է։ Մենահամերգի ժամանակ երգչուհուն լսելու էին եկել ոչ միայն հայաստանաբնակ հայեր, այլև սփյուռքահայեր։ Երգչուհու հանդիսատեսի շարքերում էին նաև հայտնի գործընկերները` Միքայել Պողոսյանը, Աննա Հարությունյանը, Հրատ Թոխատյանն ու Լուիզա Ներսիսյանը, Էրիկը, Սյուզին, Հրաչ Մուրադյանը, Աշոտ Ղազարյանն ու կինը, Լևոն Մալխասյանը և այլք։ Սրահում «հայկական» տրամադրություն էր։

«Շատ ուրախ եմ, որ ծանոթանում եմ նաև սփյուռքահայ հանդիսատեսի հետ։ Շատ էի հուզվում, որովհետև առաջին մենահամերգս էր։ Ես միշտ մտածել եմ, որ երգիչը երկար ճանապարհ պետք է անցնի, հանրային դառնա, նոր մենահամերգ ունենա, ինձ մոտ հակառակը ստացվեց` մենահամերգով սկսեցի։ Կարծում եմ` ստացվեց կապը հանդիսատեսի հետ։ Ես իրենց շատ եմ սիրում և իրենք դա զգում են։ Երեկ Միքայել Պողսյանը մի լավ բան ասաց՝ որքան էներգիա տաս հանդիսատեսին, կրկնակին ստանալու ես։ Իսկապես այդպես է. շատ մեծ էներգետիկա ստացա»,– ասաց երգչուհին։

Ժողովրդական երգեր կատարելիս էլ Գաբին ընդգծում է գրավչությունը. երեկոյի ժամանակ նա 2 զգեստով ներկայացավ. «Փորձում եմ լինել նորաոճ, այս անգամ ինձ այդ հարցում օգնեց ոճաբան Արամ Նիկոլյանը»։

Խոսելով առաջիկա անելիքների մասին` երգչուհին նշեց, որ համերգից հետո արդեն ստացել են հրավերներ։ Առաջիկայում նա ելույթ կունենա Բեյրութում, մարտին կներկայանա ամերիկաբնակ հանդիսատեսին։ Երգչուհին նախատեսում է համերգային այս ծրագրով շրջագայել տարբեր երկրներով։

life.tert.am