Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում երեկ կայացավ դիզայներ Արամ Նիկոլյանի նոր` «Մուսա. Փարաջանով» հավաքածուի ցուցադրությունը։ Նիկոլյանն այս հավաքածուն կյանքի է կոչել` ոգեշնչվելով կինոռեժիսոր, նկարիչ, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի արվեստից։ Ասում է` վերջին շրջանում հաճախ է լինում Փարաջանովի թանգարանում, ամեն անգամ նոր բացահայտում է անում։
Tert.am Life–ը ներկայացնում է Արամ Նիկոլյանի նոր հավաքածուի ցուցադրության մանրամասներն ու ֆոտոշարքը։
«Հայաստանից դուրս Փարաջանովի արվեստն ավելի ճանաչելի է։ Ուրախ եմ, որ մեր մշակույթում ունենք Փարաջանով։ Նա ասոցացվում է Հայաստանի հետ։ Միշտ ցանկացել եմ անդրադառնալ նրան, սակայն պատասխանատվությունը շատ մեծ էր։ Հիմա հասունացավ պահը։ Ստեղծագործական ընթացքը տևել է 1 տարի։ Իմ հետևում մեծ թիմ է կանգնած, սա միայն իմ աշխատանքի արդյունքը չէ»,– ասաց դիզայները։
Ըստ Արամի` նրանք, ովքեր ծանոթ են Փարաջանովի արվեստին, միանգամից կհասկանան, որ հավաքածուն նրան է նվիրված։ «Կոնկրետ էլեմենտներ, պրինտներ ու կոլաժներ կան վերցված»,– նշեց դիզայները։
Համաշխարհային նորաձևության կանոններով` Արամ Նիկոլյանը գարուն-ամառ 2018 հավաքածուն ցուցադրեց սեպտեմբերին։ Այս հավաքածուն ներառում է 45 կտոր կանանց և 6 կտոր տղամարդկանց հագուստ։ Հավաքածուն բաժանված է 3 մասի։ Յուրաքանչյուրը ներկայացնում է արվեստի մի ճյուղ, որով զբաղվել է Փարաջանովը՝ ֆիլմեր, կոլաժներ և Փարաջանովը` որպես մտածող տեսակ։
Դիզայները միշտ նշում է, որ իր նպատակն է ստեղծել կրելի հագուստ։ Ինչ վերաբերում է հավաքածուի մատչելիությանը` նա ասաց, որ 3 մասից յուրաքանչյուրն ունի գնային մի սանդղակ, սակայն կոնկրետ արժեք նշել դժվարացավ։
Ցուցադրությունն ընթացավ կենդանի նվագակցությամբ։ Այս անգամ ևս Նիկոլյանն աշխատել է հայ մոդելների հետ։ Երեխայի ծննդից հետո առաջին անգամ բեմ բարձրացավ Անուշիկ Մանուկյանը, ցուցադրությանը մասնակցում էր նաև Նարեկ Բավեյանի կինը` պարուհի Քրիստինե Սարգսյանը։ Որպես հավաքածուի դեմք դիզայներն ընտրել է դերասանուհի Ֆրիդա Յորքին։ Ըստ Նիկոլյանի` նրա դիմագծերը շատ համապատասխան են հավաքածուին, ինչ–որ առումով էլ նման է Սոֆիկո Ճիաուրելիին։
Նիկոլյանը միշտ կարևորություն է տալիս հայկական կարատեսակներին։ Նա հպարտությամբ նկատեց, որ դրանք հիմա բավականին պահանջված են, դրանում ինքն էլ իր լուման է ունեցել։ Այս հավաքածուում, սակայն, հայկական կարատեսակներ չկան։ «Ցավոք, այս հավաքածուի մեջ չկան հայկական կարատեսակներ, բայց խոստանում եմ շարունակել աշխատել նաև այդ ուղղությամբ»,– եզրափակեց դիզայները։
Լուսանկարները` Շուշան Անտոնյանի