Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Ամիրյանին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում նշանակելու մասին:
Արմեն Ամիրյանը ծնվել է 1967 թվականի հունիսի 29-ին: Անկուսակցական է: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտը 1991թ, կուլտուրալուսավորչական աշխատանք մասնագիտությամբ: Ունի դոցենտի գիտական կոչում: Տիրապետում է ռուսերենի և անգլերենի: Զինապարտ է:
Պարգևատրվել է պետական և այլ պարգևներով` Մովսես Խորենացու մեդալ 2006թ., ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ 2015թ., Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ոսկե մեդալ, 2007թ., Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալ, 2009թ., Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2012թ.:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Աշխատանքային գործունեությունը
1984 -1985 Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտե` ռեժիսորի ասիստենտ
1985-1986 Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտ` ուսանող
1986-1988 Ծառայություն Խորհրդային բանակում
1988-1991 Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտ` ուսանող
1988-1995 Հայկական ԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտե` հեռուստահաղորդավար
1997-2015 «Հայաստանի ազգային ռադիո» պետական ձեռնարկություն, «Հայաստանի ազգային ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերություն` գործադիր տնօրեն
2010-2013 Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարան` կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնի ղեկավար
2010 Հայաստանի հանրային հեռուստաընկերություն` գործադիր տնօրենի պաշտոնակատար
2015-առ այսօր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ
1990-1995 հեղինակել է «Խճանկար», «Խաչմերուկ», «Բարի լույս» և այլ հաղորդումներ
1996թ. – հիմնել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը և «Արմենակոբ» մշակութային կենտրոնը, որը ծառայել է մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը:
Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հոգևոր խորհրդի անդամ է:
Անդամակցում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիային և արժանացել է հիշյալ ակադեմիայի ոսկե մեդալի:
2000թ. – ստեղծել է «Արմենակոբ» հեռուստաընկերությունը:
Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի ընտանիքը
Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանն ունի երեք զավակ՝ որդին Հայկը և դուստրեր Սեդան ու Արինան։
«Իմ պատկերացմամբ,- ասում է պարոն Ամիրյանը,- երջանկությունը կյանքում ինքնադրսևորվել կարողանալն է: Երջանկությունը լավ ընտանիքն է, զավակները, այն սերն է, որ մարդ կարողանում է վայելել հասարակության շրջանում, ընտանիքում, շրջապատում: Ինձ շատ երջանիկ մարդ եմ համարում, որովհետև ունեմ այդ սերը»:
Արմեն Ամիրյանի կինը Նարինեն է։ 25 տարուց ավելի է, նրանք միասին են։
«Ոչ միայն սիրահարվել եմ, այլև գիտակցել, թե ում հետ եմ ամուսնանում. երբեմն լինում է միայն սերը, հետագայում գիտակցությունը դավաճանում է սիրուն, կամ սերն է դավաճանում գիտակցությանը: Մենք ամուսնացել ենք և՛ սիրով, և՛ գիտակցությամբ»,- նշում է Արմեն Ամիրյանը:
Նա չի կարող պատկերացնել, որ իր կինը կարող էր լինել մեկ ուրիշը: «Իմ կինն իմ ստեղծագործական, աշխատանքային ճանապարհին միշտ իմ կողքին է եղել, միշտ փորձել է ինձ համար հավելյալ դռներ բացել իմ գիտակցության, մտածողության մեջ, մարդկային փոխհարաբերություններում, ուղղորդել է այն ճիշտ ճանապարհով, որով մենք շարժվել ենք առաջ: Ուր էլ գնամ, իմ փարոսը, դրոշակակիրը մնալու են իմ կինը և իմ ընտանիքը»,- ասում է նա: