Հայ մայրերին նվիրված բազմաթիվ երգերի կողքին Անդրեն երգ է ներկայացնում նվիրված հայրերին։ «Պապ ջան» կոչվող երգի երաժշտությունը գրել է Մանե Հակոբյանը, խոսքերը` Ավետ Բարսեղյանը, երգի գործիքավորումն արել է Վահան Նահապետյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է։ Տեսահոլովակում նկարահանվել են Շանթ Հովհաննիսյանն ու Նարինե Գրիգորյանը։ Պրոդյուսինգով զբաղվել է քույրն ու պրոդյուսերը՝ Անուշ Հովնանյանը:
Երգչի խոսքով` տեսահոլովակը փոքրիկ ֆիլմ է հիշեցնում։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասել է, որ տեսահոլովակի սյուժետային գիծը բացահայտել չի ցանկանում. «Կարծում եմ՝ ավելի ազդեցիկ կլինի այն տեսնել ու զգալ հենց պրեմիերայի ժամանակ: Շատ շուտով այն հասանելի կլինի հանդիսատեսին»:
Տեսահոլովակում նկարահանվել է Անդրեի զարմուհին` Վիկտորյան, որի նկատմամբ երգիչն առանձնահատուկ վերաբերմունք ունի։ Նրա փոխանցմամբ` նկարահանման հրապարակում Վիկտորյան իրեն պահել է որպես իսկական պրոֆեսիոնալ: «Նա շատ խելոք էր, ուշադիր լսում էր ռեժիսորի հրահանգներն ու փորձում ճշգրտորեն կատարել դրանք: Կարծում եմ՝ ռեժիսորն էլ կփաստի, որ նրա հետ աշխատելը շատ հեշտ էր: Սկզբում մի փոքր կաշկանդվում էր իր էկրանային հայրիկից՝ սիրված դերասան Շանթ Հովհաննիսյանից, սակայն դա շատ կարճ տևեց, մերվեց դերասանական ամբողջ կազմի հետ: Այնքան էր հավանել նկարահանումները, որ ավարտից հետո էլ ասում էր` ուզում եմ գնալ գործի:)»,– պատմեց երգիչը։
Հայրերին նվիրված երգ ունենալու գաղափարը Անդրեի մոտ հենց այնպես չի առաջացել։ Արցախյան պատերազմի միջով անցած իր հայրիկի օրինակով Անդրեն երգը նվիրում է բոլոր հայ հայրերին։
«Հայրս ինձ համար միշտ է օրինակ եղել: Մինչև օրս նա ինձ համար օրինակ է ու իմ անձի կայացման հարցում մեծ ներդրում ունի։ Նրա խորհուրդների, երբեմն, խիստ նկատողությունների շնորհիվ ես հետ եմ կանգնել սխալ ուղիներից: Նա միշտ խիստ է եղել մեր հանդեպ, միևնույն ժամանակ, թե՛ ինձ, թե՛ Անուշի համար եղել է ոչ միայն հայր, այլև ընկեր ու լավագույն խորհրդատու: Նա, իր հայրենասիրական քայլով, մեր մեջ սերմանեց սիրել երկիրը, պայքարել մեր հողատարածքի, ընտանիքի ու սիրելիների համար: Երբ նա մասնակցում էր Արցախյան պատերազմին, իմ մեջ տարատեսակ զգացումներ էին ծնվել՝ անհանգստություն, վախ, միևնույն ժամանակ, խիզախություն ու հպարտություն»,– հիշեց Անդրեն։
Ամբողջությամբ՝ life.tert.am