Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում վիճակը համեմատաբար հանգիստ է: «Հայաստան-Սփյուռք 2017» 6-րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: «Վերջին շրջանում վիճակը համեմատաբար հանգիստ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սրբազանը:
Պարգև Սրբազանն այն կարծիքին է, որ սփյուռքը կարող է մեծ դերակատարություն ունենալ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում: «Հայկական համայնքները կարող են ակտիվ աշխատել հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում: Սփյուռքը կարող է լավ լոբբինգ անել, ներդրումներով զորացնել Մայր Հայաստանը և Արցախը: Կարծում եմ, որ այս ուղղությամբ հայկական սփյուռքն իր հնարավորությունների չափով անում է ամեն ինչ»,- ընդգծեց նա:
Արցախի հոգևոր առաջնորդը անդրադարձավ նաև Թալիշի վերակառուցման ընթացքին: Նա նշեց, որ նոր շենքեր են կառուցվում, և աստիճանաբար սպասում են բնակչության վերադարձին: