Ստամբուլում մի խումբ ազգայնականներ քարերով հարձակվել են Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցուց դուրս եկող հայ հավատավորների վրա: Ինչպես հաղորդում է artigercek.com-ը, այս մասին հայտնել է պոլսահայ գործիչ Երվանդ Օզուզունը:
«Եկեղեցուց դուրս եկողներին «անակնկալ» էր սպասվում. մի խումբ անձինք սկսեցին քարեր նետել՝ բղավելով. «Մահ ձեզ»: Սա ատելության և թշնամանքի դրսևորում է, այն կետը, որին հասել է Թուրքիան»,- նշել է Օզուզունը:
Նա ընդգծել է, որ ամեն կիրակի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ են մատուցվում, և մինչև պատարագի ավարտը եկեղեցու տարածքը հսկում են ոստիկանները: Այդուհանդերձ, պոլսահայ գործիչը տխրեցնող հանգամանք է համարել այն, որ իրենք սեփական անվտանգությունը պահպանելու խնդիր ունեն մի երկրում, որի քաղաքացին են:
«Թուրքիայում փոքրամասնությունները, մասնավորապես հայերը դարձել են ատելության խոսքի թիրախ: Այս երկրում «հայ» բառը շատերի կողմից օգտագործվում է որպես հայհոյանք»,- ցավով արձանագրել է Օզուզունը: