Հայտնի է շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում:
Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի են կիսաեզրափակչի բոլոր զույգերը: Լևոն Արոնյանի մրցակիցը կիսաեզրափակչում կլինի Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Մյուս զույգը կկազմեն Ուեսլի Սոն և Դինգ Լիրանը:
Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Հանգստյան օրերն են սեպտեմբերի 18-ը և 22-ը:
Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Բացի եզրափակիչից (խաղարկվելու է 4 պարտիա), բոլոր փուլերի մրցախաղերը բաղկացած են 2-ական պարտիայից և անցնում են հետևյալ ժամակարգով՝ 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե հավելում՝ առաջին քայլից սկսած յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյանով:
Մրցախաղում ոչ-ոքիի դեպքում խաղարկվում է թայ-բրեյք՝ 2 պարտիա 25 րոպե + 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար ժամակարգով, կրկին ոչ-ոքիի դեպքում՝ 2 պարտիա 10 րոպե + 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար, կրկին հավասար արդյունքի դեպքում ևս 2 պարտիա՝ 5 րոպե + 3 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար:
Այս մրցախաղում ոչ-ոքիի դեպքում խաղարկվում է որոշիչ պարտիա (արմագեդոն), որտեղ սպիտակներին տրվում է 5 րոպե, իսկ սևերին 4 րոպե՝ 61-րդ քայլից սկսած յուրաքանչյուր քայլի համար 3 վայրկյան հավելումով: Որոշիչ պարտիայում ոչ-ոքիի դեպքում հաղթող է ճանաչվում սևերով խաղացող շախմատիստը: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` աշխարհի գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1 600 000 ԱՄՆ դոլար: