Գալուստ Սահակյանը վարչապետի առաջարկը բթամտություն համարեց
Advertisement 1000 x 90

Գալուստ Սահակյանը վարչապետի առաջարկը բթամտություն համարեց

Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը խոսել է ՀՀ կառավարության ռուսերենի խորացված ուսուցման հայեցակարգ մշակելու գաղափարի մասին: Լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչպես է վերաբերում կառավարության՝  ռուսաց լեզվի  խորացված դասավանդման նոր հայեցակարգին, որով ռուսերենն առանձնացվում է և որոշակի առավելություններ տրվում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դա հայոց բթամտությունն է… մենք էդքան հող էլ չունենք սեփական, մենք փրկել ենք մեր լեզուն, որևէ հայ եթե ասում է՝ Հայաստանում այլ լեզու լինի,  չգիտեմ՝ ինչ ասեմ, վատ բառեր չեմ ուզում ասել:  Հայաստանի պետական լեզուն հայերենն է, առավել ևս մենք աշխատում ենք՝ գրաբարի, արևմտահայերենի վրա, որ կարողանանք միավորենք։ Հայաստանում երկրորդ լեզու հնարավոր չէ:  Նախ և առաջ երկրորդ լեզվի անհրաժեշտություն առաջանում է այն դեպքում, երբ որ այդ ազգի ներկայացուցիչների մեծ մասը քո երկրում է ապրում, մեր երկրում ռուսներ չկան:  Էդ հարցը ինձ մի տվեք,  մի ժամանակ բավականին լուրջ այդ մասին խոսակցություն եղավ, Դուք դեռ նոր-նոր սովորում էիք, երբ Պուտինը եկավ էստեղ ես ու Շավարշ Քոչարյան ներկայացրեցինք հայերենը և նա ընդունեց մեր ասածները: Ընդունեց, որ մենք ճիշտ ենք, որ Հայաստանում ռուսաց լեզու չի կարող լինել»։

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է, որ Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից մեկն է և  իր հանձնարարականով կրթության և գիտության նախարարությունում ռուսերենի խորացված ուսուցման հայեցակարգ է մշակվել:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը:

Ըստ այդ հայեցակարգի ռուսաց լեզուն հատուկ արտոնություններ է ստանում։ Մասնավորապես, առաջարկվում է ռուսաց լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարագրություն և այլն), այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաններից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում:

Հ.Գ. Փաստորեն ստացվում է, որ ՀՀԿ-ական պատգամավորը ՀՀԿ-ական վարչապետի հանձնարարականը  բթամտություն է համարում:

politik.am



Նման նյութեր