Մոսկվայում կյանքի 81-րդ տարում վախճանվել է օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան:
«Մահացել է Զուրաբ Լավրենտիի Սոտկիլավան, Մեծ թատրոնի հիանալի արտիստը: Նա ծանր հիվանդություն ուներ, որի դեմ պայքարեց մինչև վերջ»,- ՏԱՍՍ-ին ասել է Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը:
«Զուրաբ Սոտկիլավան գիշերը մահացել է կլինիկայում: Երգչին հրաժեշտը և նրա հուղարկավորությունը տեղի կունենան Վրաստանում»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել է Սոտկիլավայի կինը:
2015 թվականին բժիշկները ԽՍՀՄ ժողովրդական արտիստի մոտ հայտնաբրել էին ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցք:
Ռուսաստանում ու Գերմանիայում բուժընթացից հետո արտիստը շարունակում էր ելույթները:
«Վիրահատությունից հետո Զուրաբ Սոտկիլավան իրեն վատ չէր զգում և հույս կար, որ ամեն ինչ լավ կլինի: Բայց, ցավոք, դա տեղի չունեցավ: Եվ այսօր առավոտյան դեմ նա մահացավ»,- ՌԻԱ Նովոստիին պատմել է արտիստի ազգականներից մեկը:
Սոտկիլավան ծնվել է 1937 թվականի մարտի 12-ին Սուխումում: Նա Մեծ թատրոնի մենակատար էր 1974 թվականից: Սոտկիլավան նաև դասավանդում էր Մոսկվայի կոնսերվատորիայում: Նա ինքը Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտ էր: Պատանի հասակում Մեծ թատրոնի ապագա մենակատարը պրոֆեսիոնալ կերպով զբաղվում էր ֆուտբոլով, 1956 թվականին գլխավորել է Թբիլիսիի երիտասարդական հավաքականը, խաղացել է Թբիլիսիի «Դինամո»-ի կազմում: