Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքը հայտնել է, որ Մերձավոր Արևելքում հայկական ամենամեծ եկեղեցին համարվող Սուրբ Կիրակոսը թալանված է: Այս մասին հայտնում է թուրքական T24-ը:
Հիմնադրամի նախագահն ընդգծել է, որ Դիարբեքիրի Սուր թաղամասը, որտեղ գտնվում է եկեղեցին, մինչ օրս թուրք-քրդական բախումների պատճառով համարվում է արգելված գոտի, և այնտեղ գնալու համար անհրաժեշտ է առնվազն 10 տեղից թույլտվություն ստանալ:
«Մինչ մենք եկեղեցի գնալու համար պատկան տարբեր մարմիններին ենք դիմում, գողերը հեշտությամբ այնտեղ մուտք են գործում:
Թաղամասում գործողությունների ավարտից և դրա հետևանքով եկեղեցու կրած ծանր վնասներից հետո շատ բան էր կողոպտվել եկեղեցուց, անգամ ջրի պոմպակայանն ու էլեկտրականության վահանակը:
Պահանջում ենք, որ իշխանությունները միջոցներ ձեռնարկեն»,- նշել է Էրգյուն Այըքը:
Խնդրին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը` նշելով. «Այն տարածքում, որտեղ գտնվում է եկեղեցին, արդեն մի տարի է ոՙչ ես, ոՙչ էլ դիարբեքիրցիները չեն կարողնում մուտք գործել: Ո՞վ է թալանում մեր եկեղեցին»: