Հայաստանի անկախության 25 տարիների փորձառության լույսի տակ հավաքական պատասխանատվությունը պետք է կյանքի կոչվի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև դերերի հստակեցման, առաջնահերթությունները ճշտելու և գործակցությանը նոր որակ հաղորդելու ճանապարհով: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը:
«Սա է մեր ազգը իր հայրենիքով և սփյուռքով դեպի պայծառ ապագա առաջնորդող միակ ապահով ճանապարհը: Այս գիտակցությամբ հարկավոր է համազգային մտածողության մշակույթ ստեղծել, հավաքական ուժերով ծրագրել և գործել: Այս տեսլականով հարկավոր է բացել նոր հորիզոններ ու քաջորեն դիմագրավել մեզ շրջապատող մարտահրավերներն ու տագնապները»,- նշեց Արամ Ա կաթողիկոսը:
Նա շեշտեց, որ անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների և զբոսաշրջային այցելությունների շրջագծից և այն դարձնել ազգային քաղաքականության հիմքերից մեկը: «Մեր ազգային գաղափարախոսության հենքն ու նպատակն ունենալով ամբողջական Հայաստանի տեսլականը՝ հզոր Հայաստանը, ամուր Արցախը և կազմակերպված Սփյուռքը պետք է դառնան մեր ազգային քաղաքականության ռազմավարական և մարտավարական ուղեցույցը: Ազգային այս գաղափարախոսությամբ ու տեսլականով ամրագրված ազգային քաղաքականությունը, անկասկած, իր շուրջը պետք է համախմբի մեր ազգի բոլոր զավակներին՝ միաժամանակ մղիչ ուժ դառնալով համահայկական մտածողության կազմավորման ու գործելակերպի զարգացման համար»,- ասաց նա:
Արամ Ա կաթողիկոսը նկատեց, որ շրջափակման ենթարկված Հայաստանը պատերազմի մնայուն վտանգի առջև է կանգնած: Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնահերթություն է, ինչն առաջին հերթին պահանջում է հայ ժողովրդի ամուր կապվածությունն իր հողին: «Հայրենիքը պետություն և տնտեսություն լինելուց առաջ նախ հող ու ժողովուրդ է: Հայրենիքի նկատմամբ հավատարմությունը վեր է ամեն տեսակ նկատառումներից: Հետևաբար անհրաժեշտ է արտագաղթը նվազեցնելու և Հայաստանի բնակչության թիվը մեծացնելու հստակ միջոցների կիրառումը»,- ասաց նա: