Նորայր Քալանթարյան. Երևան օփենում ավելացել է շախմատիստների և մասնակից երկրների քանակը
Advertisement 1000 x 90

Նորայր Քալանթարյան. Երևան օփենում ավելացել է շախմատիստների և մասնակից երկրների քանակը

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ «Երևան օփեն» շախմատի 2-րդ միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը:

Մրցաշարի կազմակերպիչը Երևանի շախմատի ֆեդերացիան է:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ԵՇՖ-ի փոխնախագահ և գործադիր տնօրեն, մրցաշարի տնօրեն Նորայր Քալանթարյանը հայտնեց, որ մրցաշարի աշխարհագրությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է: Երևան են ժամանել 13 երկրի շախմատիստներ (2016 թ. 10 երկիր էր մասնակցել):

«Ցանկանում ենք տարեցտարի ավելացնել այդ թվերը, 2018 թվականին Հայաստանի մայրաքաղաքը կնշի 2800-ամյակը, և մեր ֆեդերացիան նախատեսում է ավելի մեծամասշտաբ մրցաշար անցկացնել: Մեր առաջին փորձը 2016 թվականին հաջողվեց, քանի որ շատ շախմատիստներ նորից հաճույքով Երևան են վերադարձել: Եթե առաջին «Երևան օփենում» խաղացել է 137 շախմատիստ, այս տարի այդ թիվը հասել է 153-ի: Ավելացել է գրոսմայստերների, ինչպես նաև միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետների քանակը (համապատասխանաբար, 25 և 29):

«Երևան օփենին» մասնակցում են շախմատիստներ ոչ միայն Երևանից, այլև հանրապետության մարզերից և Արցախից: Նմանատիպ խոշոր մրցաշարը նպաստում է շախմատի մասսայականացմանը և հնարավորություն է տալիս տեղի շախմատիստներին ձեռք բերելու միջազգային փորձ և լրացնելու միջազգային վարպետի կամ գրոսմայստերի նորմա»,- հայտնեց Նորայր Քալանթարյանը:

«Երևան օփենը» (9 տուր) կընթանա սեպտեմբերի 19-ից 27-ը:

armsport.am