Սփյուռքահայերը վաղ առավոտից այցելում են Ծիծեռնակաբերդ։ Հավերժական կրակի մոտ հավաքված ավել քան 500 հայերը, որոնք եկել են աշխարհի տարբեր անկյուններից, չէին կարողանում զսպել արցունքները։
«Հնարավոր չէ անտարբեր մնալ, կորստի և ուրախության արցունքներ են, քանզի մենք կանք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Լոս Անջելեսից Հայաստան ժամանած Պերճ Ջամբազյանը։
Նրա խոսքով, Ծիծեռնակաբերդը ևս մեկ անգամ հիշեցրեց իր ընտանիքի ողբերգությունը. ծնողները հրաշքով են փրկվել զանգվածային կոտորածից։
Անժելա Մանուկյանն էլ Հայաստան է ժամանել Կալիֆոռնիայից։ Առանց արցունքները թաքցնելու խոստովանում է` Ծիծեռնակաբերդ կատարած այցելությունն իր համար ուխտագնացություն էր։
Անժելայի ծնողները նույնպես կարողացել են փրկվել Օսմանյան կայսրությունում իրականացված եղեռնից։
«Այսօր ես ԱՄՆ-ում ամեն ինչ անում եմ հայապահպանության համար` հանուն անմեղ զոհերի ու իմ ժողովրդի»,- ասաց Մանուկյանը։
Նա արդեն կենսաթոշակային տարիքում է, բայց զբաղվում է բարեգործությամբ. վերջերս մանկապարտեզ է բացել Ստեփանակերտում։
Հավերժական կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո սփյուռաքահայերը մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը, աղոթեցին ու երգեցին «Կիլիկիան»։