Համացանցում կրկին լուրեր են շրջանառվում, որ դերասանուհի Աննա Հարությունյանն ու դերասան Միքայել Պողոսյանը միասին են։ Ամիսներ առաջ Tert.am Life–ի խմբագրություն այս թեմայով դիմած ընթերցողներին ի պատասխան Միքայել Պողոսյանն ասել էր, որ նման բան չկա։ Գաբի Գալոյանի համերգի ժամանակ Միքայել Պողոսյանն ու Աննա Հարությունյանը միասին են ներկայացել, ինչը կրկին լայն քննարկման առիթ է դարձել։
Tert.am Life–ն այս անգամ զրուցեց Աննա Հարությունյանի հետ։ Վերջինս ասաց, որ ինքը տեղափոխվել է Մոսկվա, ինչի մասին ամիսներ առաջ մեզ պատմել է։
«Ես տեղափոխվել եմ Մոսկվա, որտեղ սովորում եմ։ Ես երկու ամսով եմ իմ հայրենիքում և կոնկրետ նպատակով եմ եկել։ Մի շաբաթից մեկնում եմ Մոսկվա։ Եկել եմ Հայաստան ինստիտուտի առաջադրանքներն անելու համար։ Կարճամետրաժ ֆիլմ եմ նկարահանել, որը մասնագետների կարծիքով` բավականին հետաքրքիր է ստացվել։ Երբ ժամանակը գա, այն կհանձնեմ մարդկանց դատին։ Ֆիլմս շատ ավելի կարևոր թեմայի մասին է։ Թեման հայոց լեզվի ճգնաժամն է, թե ինչպես է մեր լեզուն մեռնում։ Կարծում եմ` իմ հանդիսատեսին դա ավելի հետաքրքիր կլինի, քան անձնականիս մասին անհասկանալի խոսակցությունները»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է Միքայել Պողոսյանի հետ սիրավեպի մասին լուրերին` Աննան նշեց, որ որևէ մեկնաբանություն տալ չի ուզում, նախորդ անգամ խոսել է այդ մասին։ «Արդեն չեմ պատկերացնում` ինչ լեզվով ասեմ, ինչ ու ինչի համար ասեմ»,– եզրափակեց դերասանուհին։