Ուկրաինացի զբոսաշրջիկ Դարյա Հորբանն այսօր ապրում է Դուբայում։ Նա որոշել էր իր ամառային արձակուրդներն անցկացնել Վրաստանում և Հայաստանում։ Մեր երկրում նրան շատ բան է զարմացրել։
Դարյան մտածում էր, որ Դուբայի երաժշտական շատրվաններին ոչինչ գերազանցել չի կարող, սակայն Երևանի Հանրապետության հրապարակի երգող շատրվանները «կոտրեցին կարծրատիպը»։
«Այդ շատրվաններն, իրոք, փոխեցին կարծիքս… Չէի կարող պատկերացնել, որ մայրաքաղաքի կենտրոնում ինչ-որ մեկը կարող է ռոք երաժշտություն միացնել։ Անսպասելի էր System Of A Down լսել։ Եվ այնտեղ շատ մարդ կար», – ասաց Դարյան։
Աղջկան զարմացրել են նաև մայրաքաղաքի փողոցներում մարդկանց հոծ զանգվածները։ Պարզվում է, որ երևանցիներն իրենց երեկոները սիրում են անցկացնել ռեստորաններում, բարերում և զվարճանքի այլ վայրերում։
Նոյի հանգրվանն ու հին ժողովուրդը
Դարյան մի շարք տեսարժան վայրեր է այցելել հոսթելի (որտեղ հանգրվանել է) տիրոջ խորհրդով։ Բարյացակամ տղամարդը զբոսաշրջիկին առաջարկել է զբոսնել երկրով և անձամբ նրան ուղեկցել եկեղեցիներ ու այլ տեսարժան վայրեր։
Դարյային գերել է Արարատ լեռը, որը նա «հայի ցավ է» անվանում։
«Արարատ լեռը հայտնի է նրանով, որ այդ լեռան վրա է հանգրվանել Նոյի տապանը։ Ցավոք, այսօր այն Թուրքիայի տարածքում է։ Ի դեպ, դա Թուրքիայի և հայկական բարձրավանդակի ամենաբարձր գագաթն է, որը 5137 մետր բարձրություն ունի… Մարդիկ չգիտեն, թե որքան հին ժողովուրդ են հայերը։ Երբ համացանցում նյութեր էի կարդում, զարմացած էի», – անկեղծանում է նա։
Ընկերասեր և հյուրընկալ
Հայաստան Դարյան եկել է Վրաստանի իր ուղևորությունից հետո։
«Մարդիկ ընկերասեր են։ Երբ ավտոբուսով գալիս էի Թբիլիսիից, ծանոթացա արցախցի աղջիկների հետ։ Նրանք պատմում էին իրենց երկրի մասին, քաղցրավենիք հյուրասիրում։ Ես իմացա, որ Հայաստանում լսում են «Օկեան Էլզի» ուկրաինական խումբը», – նշել է Դարյան։
Սակայն նրան ապշեցրել է, որ երիտասարդ մայրն անդադար կերակրում էր իր 12 տարեկան որդուն` չթողնելով շունչ քաշի։ Աղջկան թվացել է, որ բոլոր հայ մայրերն են այդպես երես տալիս իրենց որդիներին։
Նրան զարմացրել է նաև այն, որ ավտոբուսներն ու երթուղայինները միշտ լեփ–լեցուն են, բայց հայ ժողովուրդն ամենևին էլ դյուրագրգիռ չէ։ Հակառակը` մարդիկ արագ են կողմնորոշվում, որպեսզի բոլորին լավ լինի` ձեռքի ու այլ պայուսակները չխանգարեն։
Ուղևորության հինգ օրերի ընթացքում Դարյան հասցրել է տեսնել Գառնին և լինել Սևանում։
«Սևանը շատ գեղեցիկ է, սակայն ենթակառուցվածքներն են բացակայում։ Ինձ դուր եկան նաև Գառնիի տեսարանները… Եվ ընդհանրապես, Հայաստանը անվերջ եկեղեցիների շարան է, կուզեի հիշել դրանց բոլորի անունը», – պատմեց նա։
Իսկ Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածինը Դարյային Սիցիլիան հիշեցրեց. չոր ու շոգ եղանակ էր, շուրջբոլորը` դեղին և ամայի լեռներ, սակայն իրականում` Հայաստանն էր։ Նա նաև հայկական հարսանիքի ականատես եղավ։
Sputnik Արմենիան շարունակում է հետևել սոցցանցերում Հայաստանից հետաքրքիր լուսանկարներ տեղադրող ու Հայաստանի մասին իրենց տպավորությունները պատմող զբոսաշրջիկներին։