«Բարձիթողի վիճակը համատարած է». վանքում խոշոր եղջերավոր անասուններ են ապրում. aravot.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Բարձիթողի վիճակը համատարած է». վանքում խոշոր եղջերավոր անասուններ են ապրում. aravot.am

Ներսես Մատինյանը ֆեյբուքյան իր էջում նկարներ էր տեղադրել Լոռու մարզի Քոբայրի վանքից: Նկարներից երևում է, որ վանքում խոշոր եղջերավոր անասուններ են ապրում: Սրբատեղին, որ անասնագոմի էր վերածվել, գտնվում է պետության պահպանության տակ:

Գուգարաց թեմի Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ամենը նոր չէ: Դեռ ամիսներ առաջ էլ իրավիճակը նույնն է եղել. «Ցավալի իրողություն կա, որ ոմանք անասուն պահելով ոչ թե անասուն են պահում, այլ իրենք ժամանակի ընթացքում դարձել են անասունի նման: և չեն հասկանում, որ չի կարելի անասունին անտեր թողել ճանապարհի վրա, որ մեքենաներ են երթևեկում, որ մարդիկ կարող են վրաերթի ենթարկել և՛ անասունին, և՛ իրենց հետ դժբախտ դեպք կարող է պատահել: Առավել ևս, իրավունք չունեն իրենց անասունը սրբավայրի տարածքում բաց թողնել»:

Հոգևոր հովիվն ասում է, որ պետության պահպանության տակ գտնվող գրեթե բոլոր վանքերն ու սրբավայրերը գտնվում են անմխիթար վիճակում և մատնված են անուշադրության. «Այս լուսանկարները վկայեցին, որ բարձիթողի վիճակը համատարած է…»:

Տաթևիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Ներսես Մատինյանի և Հրաչ Մարուքյանի

Ամբողջությամբ՝ aravot.am