Ազգային հարսանիքի առանձնահատկությունները, կամ ինչն է ռուս բլոգերին զարմացրել Հայաստանում. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ազգային հարսանիքի առանձնահատկությունները, կամ ինչն է ռուս բլոգերին զարմացրել Հայաստանում. armeniasputnik.am

«Կուլտուրիցա» նախագծի շրջանակում Հայաստան է ժամանել ռուս բլոգեր-ճանապարհորդ Իվան Կրիլովը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմել է, թե ինչու է ընտրել Հայաստանը և ինչ տպավորություններով է հեռացել հայկական հարսանիքից։

«Կուլտուրիցան» առաջին միջազգային միջոցառումն է, որի ընթացքում Բուլղարիայի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի ու Ադրբեջանի բլոգերները ծանոթանում են Տյումենի հետ։ Տեղի բլոգերներն էլ իրենց հերթին մեկնում են հյուրերի երկրներ։

Շոումեն, ռադիոհաղորդավար, բլոգեր-ճանապարհորդ Իվան Կրիլովը, որն արդեն 25 երկրում է եղել, չորս օր անցկացրել է Հայաստանում։ Sputnik Արմենիայի թղթակից Լիլիթ Հարությունյանը զրուցել է նրա հետ։

– Սա ձեր առաջի՞ն այցն է Հայաստան։

– Այո, բայց հաստատ վերջինը չէ։

– Ի՞նչ գիտեիք մեր երկրի մասին այստեղ գալուց առաջ։ 

– Ես Տյումենում հայ ընկերներ շատ ունեմ։ Շատ սրտաբաց մարդիկ են, երբ նայում ես նրանց, հասկանում ես` ինչ ավանդույթներ ու մշակույթ ունի այս ժողովուրդը։ Բնականաբար, ուզում ես շոշափել այդ ամենը։ Ես տարբեր միջոցառումներ եմ անցկացնում, և Տյումենում հայկական հարսանիքի մասնակցելու առիթ եմ ունեցել…. Մեծ հաշվով ես երկու երազանք ունեի` տեսնել Սևանա լիճը (ինչպես նաև Սևանի իշխան համտեսել) և Հայաստանում ներկա լինել հարսանիքի։ Այս չորս օրվա ընթացքում իմ երկու երազանքն էլ իրականացան։

– Հավանեցի՞ք հայկական հարսանիքը։

– Մեր ծանոթներից մեկը մի բան ասաց, որը ես երկար կհիշեմ (ժպտում է): Ասվածը լիովին արտացոլում է հարսանիքի մասին իմ պատկերացումը: «Հայկական հարսանիքն ուտելիքի հաղթանակն է գիտակցության նկատմամբ։ Իսկ հայկական Ամանորը` ուտելիքի հաղթանակը երկրի նկատմամբ» (ծիծաղում է)։ Սկզբում «բախվում ես» ուտելիքի առաջին շերտին, հետո` երկրորդին, երրորդին, և երբ դու արդեն շատ կուշտ ես, քեզ ասում են` ընկեր ջան, դե պարիր։

Իսկ եթե ավելի լուրջ խոսենք, ինձ դուր է գալիս հարավային, կովկասյան հարսանիքների ուրախությունը, որը սկսվում է առաջին իսկ րոպեից։ Մարդիկ գալիս են զվարճանալու։ Ինչ էլ լինի սեղանին, որքան էլ թանկարժեք կոնյակներ դրված լինեն, որքան էլ համեղ լինի միսը, հյուրերն առաջին հերթին գալիս են ուրախանալու, երգելու, պարելու ու շփվելու…

– Իսկ Սևանի մասին ո՞վ էր Ձեզ պատմել։

– Ընկերներս։ Նրանք ասացին, որ անպայման պետք է այցելել հնագույն վանք, տեսնել Սևանը և իշխան համտեսել։ Ի դեպ, ես նաև Սևանի սիգ կերա, ի՜նչ համեղ էր…

– Ի՞նչ տպավորություններով եք հեռանում Հայաստանից։

– Տպավորություններս ու պատկերացումներս համընկան։ Անկեղծ ասած, Հայաստանը նույնիսկ գերազանցեց սպասումներս։ Հայկական հյուրընկալությունն, իսկապես, ցանկացած գովասանքից վեր է, ես չէի սպասում, որ նման բան կտեսնեմ։ Այսինքն գիտեի, որ Կովկասի մարդիկ շատ հյուրասեր են, բայց չգիտեի, որ այս աստիճան։

– Հասցրի՞ք շրջել երկրում։

– Նախագծի կանոնների համաձայն` ես պետք է միայն Երևանում զբոսնեի, բայց մենք մի փոքր խորամանկության դիմեցինք. եղանք նաև Սևանում և Գյումրիում` Հայաստանի մշակութային մայրաքաղաքում։ Դա համապատասխանում էր նախագծի թեմատիկային։

Երևանում եղանք Megerian Carpet գորգագործական գործարան-թանգարանում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, PicsArt ընկերության գրասենյակում։ Այսինքն ծանոթացանք ոչ միայն երկրի պատմական ժառանգությանը, այլ նաև ներկային և նույնիսկ ապագային։

Բացի այդ, ես ծանոթացա նաև հայկական խոհանոցին։ Իմացա, որ ավանդական տոլման ոչ թե խճողակից են պատրաստում, այլ մանր կտրատած մսակտորներից։

– Գիտեմ, որ այստեղ ձեզ Հովհաննես Թևյան են անվանում։ Ինչո՞ւ։

– Շատ պատահական ստացվեց (ծիծաղում է)։ Ես ներկայացա` Իվան, ինձ ասացին` այսինքն` Հովիկ, Հովհաննես։ Հարցրի` այդ դեպքում ազգանունս ինչպես կհնչի։ Ասացին` դե եթե Կրիլով, ուրեմն, Թևյան, քանի որ «կրիլոն» հայերեն «թև» է նշանակում։

– Կնկարագրե՞ք ձեր ուղևորության ամենահիշվող պահը։

– Հյուրասիրության հետ է կապված… Սևանից վերադառնում էինք ավտոստոպով։ Մի մեքենա կանգնեց։ Վարորդի հետ թեժ զրույցի բռնվեցինք։ Պարզվեց, որ զբոսաշրջության ոլորտում է աշխատում, հետո պատմեց, որ դասավանդում է Հայ-Ռուսական համալսարանում։ Գրագետ մարդ էր։ Մեզ հասցրեց մինչև հյուրանոց, հետո Դիլիջանի զբոսաշրջային տանը երկու օրով հանգստանալու սերտիֆիկատ տվեց մեզ (ինձ և երկու ուղեկիցներիս) ։ Պարզվեց` նա այդ հանգստյան տան համասեփականատերն էր։ «Եկեք մի քանի օր մեզ մոտ հանգստանալու, իմ հյուրը կլինեք», — ասաց դասախոսը։

Գիտե՞ք` երկիր կերտողը մարդն է։ Երկրի մասին պատկերացում ես կազմում այնտեղ ապրող մարդկանցով, նրանց հարաբերություններով։ Ես որևէ այլ տեղ այս աստիճան սրտաբաց մարդկանց չեմ հանդիպել։

– Կարո՞ղ եք ասել, թե ինչի համար արժե գալ Հայաստան։

– Այստեղ տաք է (ժպտում է), ինչը Սիբիրից ժամանած մարդու համար շատ կարևոր է։ Հայաստանում գները մատչելի են. ռեստորանում կարելի է որևէ բան պատվիրել և Ռուսաստանից մի քանի անգամ ավելի քիչ վճարել։ Տրանսպորտն էժան է, հետաքրքիր վայրերը` շատ։ Եվ, իհարկե, գոնե մեկ անգամ պետք է տեսնես Սևանա լիճը։ Իրականում մենք քիչ բան գիտենք Հայաստանի մասին։ Եթե ինձ հարցնեն` արժե՞ այցելել այս երկիր, ես կպատասխանեմ`անկասկած։

armeniasputnik.am



Նման նյութեր