Նորագավիթում նախօրեին 48-ամյա Սամվել Ավագյանի սպանությունը վենդետա է եղել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Սամվել Ավագյանի վրա կրակած անձը վրեժխնդիր է եղել նրանից՝ 2014թ. իր որդուն դանակահարելու համար:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 20:35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի հրազենային վնասում, ներորովայնային սուր արյունահոսություն, հեմոռագիկ շոկ ախտորոշմամբ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 8-րդ փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել Նորագավիթի բնակիչ, 1969թ. ծնված Սամվել Ավագյանը: 04.10.2017թ.՝ ժամը 06:30-ին Ավագյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել քննչական խումբ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 4-ին ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող, Երևանի բնակիչ, 1971 թ. ծնված Գ.Հովհաննիսյանը: