Արտերկրում ստացած կրթության լույսն ու ստվերը. champord.am
Advertisement 1000 x 90

Արտերկրում ստացած կրթության լույսն ու ստվերը. champord.am

Երևանում գերազանց ավարտելով հոգեբանության ֆակուլտետը, Անի Հովհաննիսյանը արդեն  երկու տարի է, ինչ սովորում է Շվեյցարիայի Սենթ Գելլեն համալսարանի ասպիրանտուրայում, ինչը  ենթադրում է, որ մասնագիտացում չի ստանում, ինչպես ընդունված է շատ համալսարաններում: Նրա ընտրած ֆակուլտետն առավելապես կենտրոնացած է հետազոտական հմտությունների վրա։  Սեփական դիսերտացիայի շուրջ հետազությունները վարքաբանական հոգեբանության ու կրթության կառավարման ոլորտների միակցությունն են, ինչը թույլ է տալիս  ավելի լավ պատկերացնել կրթական ոլորտն ու հետագայում այդ փորձը՝ համակարգի բարեփոխման նպատակով պարտադիր Հայաստան բերել։

Անին սեփական մաշկով է զգացել ու աչքերով տեսել, թե ինչ դժվարություններ ու դրական կողմեր է պարունակում «դրսում» սովորելը։ Ասում է՝ միֆերը շատ են: Հենց դրա համար էլ միասին որոշեցինք ներկայացնել այն հիմնական հարցերի պատասխանները, որոնք ունենում են արտասահմանում սովորել ցանկացող երիտասարդները։

Ծանոթ-խնամի ունենալը պարտադիր չէ։ Մոռացեք այն միֆը, թե բոլոր կրթաթոշակները տրվում են միայն ծանոթ մարդկանց։ Պետք է գիտելիք, աշխատասիրություն ու կամք, որպեսզի ապացուցեք, որ իսկապես կարող եք սովորել արտասահմանում և ձեր խելքի վրա ներդրում կատարելն իսկապես լավ որոշում է։ Անիին հաճախ են հարցնում՝ չսովորողներ շա՞տ կան։ Անին միայն ուսերն է թոթվում․ չսովորողներ չկան, ամեն ոք սովորում է իր ներածի չափով, գիտելիքը տատանվում է լավի կամ ավելի լավ միջև։ Հայաստանն այս առումով շատ է կաղում, մեզ մոտ ընդունված է չսովորել ու  առանց ավելորդ լարվածության ավարտել համալսարանը։ Դրսում նման պրակտիկան չի կիրառվում։ Եթե համալսարան ես եկել, ուրեմն գիտակցում ես, որ եկել ես սովորելու։ Չես ուզում համալսարանի ծանր գրաֆիկով սովորել՝ խնդրեմ, կան քոլեջներ ու արհեստագործական դասընթացներ, որոնք գուցե շատ ավելի հարազատ լինեն ։ Բայց եթե համալսարան, ուրեմն՝ գիտելիք ու փորձ կուտակելու միայն։ Հեշտ չէ՝ Անին էլ է փաստում։

Հաճախ ենք կարդում, որ «դրսի» ուսանողները շաբաթներով չեն քնում, տառապում են, ամեն քննությունը հավասարազոր է մեր դիպլոմային աշխատանքին․․․ Որոշ չափով ճիշտ է, բայց դրան ի պատասխան Անին նշում է,  ժամանակային առումով արտասահմանյան համալսարանն ավելի լավ է կառուցված։ Մեզ մոտ տալիս են շատ սովորելու նյութ ու քիչ ժամանակ։ Կամ պետք է անգիր անես, կամ՝ հատվածաբար սովորես։ Երկու դեպքում էլ գիտելիք չես ստանում։ Սենթ Գելլենում կրթական նյութը կրկնակի, գուցե՝ եռակի շատ է, բայց նախ՝ բազմատեսակ է: Դասախոսը պատմում է մի բան, տնային հանձնարարությունդ ու գրքիդ տեղեկատվությունն այլ է, դու էլ վերջում համակցում ես այս ամենն ու երրորդ մի բան ստանում, որն էլ ներկայացնում ես դասախոսին՝ իբրև սեփական աշխատանք։ Եվ հետո, շատ ճիշտ ժամանակային բաժանում է աշխատում։ Այսինքն, եթե  ամեն ինչ կատարես ճիշտ ժամանակին, հնարավոր չէ չհասցնել։ Թե կան դասեր, կա նաև՝ սեր։

Ուրախ ժամանցը ոչ մեկը չի արգելել։ Հասցնում ես անգամ մոտակա քաղաքներ ու անգամ երկրներ գնալ, բայց էլի՝ չափի մեջ։ Ամեն օր զբոսնել ու խնջույքներ կազմակերպել չի ստացվի, բայց դրա փոխարեն հնարավոր է դասերն արագ ավարտել ու շտապել քո բաժին «սիրո» ետևից։ Եթե ուզում եք արտասահմանում սովորել, որպեսզի տնից հեռու լինեք, ավելի լավ է՝ չփորձեք։ Անին անկեղծանում է․կարոտն իսկապես խեղդում է։ Ու հատկապես զգացնել է տալիս հասարակ դետալներում, երբ, օրինակ, վատառողջ ես, ու երազում ես մայրիկի դրած համեղ թեյի կամ հայրիկի գրկախառնությունների մասին։

Ներքին կամքի ուժ է հարկավոր՝ արտասահմանում սովորելու համար։ Հրաշալի հիշում է առաջին օրը։ Ասում է՝ ավտոբուսից իջա,  իրերս դրեցի ասֆալտին ու անգամ չգիտեի՝ ուր գնամ, ինչպես են օգտվում մետրոյից և առհասարակ՝ որտեղ է այն։ Ասում է կամաց-կամաց սովորեցի։ Կարոտի հետ էլ սովորում ես ապրել։ Բայց պիտի պատրաստ լինես հետդ քարշ տալ դասի ու տուն, այլ կերպ հնարավոր չէ։ Կյանքի հրաշալի փորձ է։ Կոմֆորտ զոնան ուղղակի ճաք է տալիս ու ճոճվում, դրա փոխարեն սովորում ես պատասխանատու լինել, գնահատել ժամանակդ, հրաշալի կառավարել օրդ ու ամեն բան հասցնել։

Անին վստահ է․ արտասահմանում սովորել հաստատ պետք է։ Միայն թե՝ իսկապես սովորել, այլ ոչ թե՝ ժամանակ վատնել։ Հետո գիտելիքը բերել Հայաստան ու այն ավելի լավը դարձնել։ Ոչնչով չենք զիջում արտասահմանցիներին, ուղղակի մեզ մի փոքր ավելի համակարգված կրթություն է պետք ու արտասահմանյան փորձի փոխանակում։ Այնպես որ՝ դրսում սովորելն անհնարին չէ, եթե կա ցանկություն՝ պայքարեք մինչև վերջ։ Իսկ թե ինչ ծրագրերով կարելի է մեկնել սովորելու՝ «Ճամփորդ» շաբաթաթերթը ժամանակ առ ժամանակ տեղեկացնում է, հետևեք մեզ։ Եվ՝ Անիի օրինակին։

Սյունե Սևադա

champord.am