Երևանում տղամարդը կնոջից 400 000 դրամ է շորթել` սպառնալով ամուսնուն հայտնել, որ աղջիկն ուրիշի հետ սեռական հարաբերություն է ունեցել ու կարել կուսաթաղանթը
Քրեական վերաքննիչ դատարանում քննվում է շորթում կատարելու մեջ մեղադրվող 39-ամյա տղամարդու բողոքը: Ընդհանուր իրավասության դատարանի վճռով` նա մեղավոր է ճանաչվել շորթում կատարելու մեջ և դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվել է արագացված կարգով, և այժմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան: Պաշտպանական կողմը միջնորդել է ամբողջությամբ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ` ամբաստանյալի նկատմամբ որպես պատիժ սահմանելով տուգանք, կամ պայմանականորեն չկիրառել նշանակված պատիժը, կամ ամբողջովին բեկանել և վերադարձնել ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:
Ինչ մեղադրանք է առաջադրվել
Քրեական գործի նախաքննության ընթացքում 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա շորթմամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, նախքան տուժող կնոջ ամուսնությունը վերջինիս կույս չլինելու հանգամանքի մասին արատավորող տեղեկությունը հետագայում չհրապարակելու նպատակով, զանգահարել է կնոջը և հանդես գալով այլ անունով` վերջինիս հայտնել է նրա` նախքան ամուսնանալը մեկ այլ անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, կուսաթաղանթը կարելու և դրա հետ կապված իր մոտ համապատասխան բժշկական փաստաթուղթ ունենալու մասին։ Ըստ մեղադրանքի` այդ տեղեկատվությունը տուժողի ամուսնուն չփոխանցելու համար ամբաստանյալը կնոջից պահանաջել է 1000 դոլար գումար, որից հետո` հետագա օրերի հեռախոսազրույցների և հեռախոսային նամակների փոխանակման ընթացքում, պահանջել է 400.000 դրամ։ Պայմանավորվածության համաձայն` տուժողն ամբաստանյալին է փոխանցել 400.000 դրամը, որի ժամանակ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն ամբաստանյալին բերման են ենթարկել Ոստիկանության բաժին:
Գործը քննվել է արագացված կարգով
Ըստ ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտի` ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով։ Նա հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքը համաձայն է մեղադրանքի հետ։
Ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին։ Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտել է, որ ամբաստանյալը կատարել է ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք։
Ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ նա խնամքին ունի երկու անչափահաս երեխա, բնութագրվում է դրական, հաշվառված է «Նպաստ» համակարգում, նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել և տվել է խոստովանական ցուցմունքներ։
Դատարանը գտել է, որ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համար ամբաստանյալը ենթակա է պատժի ազատազրկման ձևով, ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցման է ենթակա ամբաստանյալին կալանքի տակ պահելու 2 ամիս 17 օրը։
Ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ նշանակված պատիժն ամբաստանյալը պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն, պատժի կրումից նրան ազատելու վերաբերյալ բավարար հիմնավորումներ դատարանին չեն ներկայացվել։