Հոկտեմբերի 10-ին Գյումրիի ծննդատանը ռեկորդային՝ 5.4 կգ քաշով տղա է լույս աշխարհ եկել։ Ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը NEWS.am Medicine–ի հետ զրույցում նշեց, որ դյուցազն տղան, որին Արամ են անվանել, ծնվել է բնական ճանապարհով, և մայրն ու երեխան իրենց հիմա լավ են զգում։
Արամը 31-ամյա Ամալյա Շախոյանի երրորդ երեխան է։ Քանի որ ավագ որդին ու դուստրը նույնպես խոշորամարմին են եղել՝ 4.2 և 4.7 կգ, և ծնվել են բնական ճանապարհով, մասնագետները որոշեցին, որ կեսարյան հատման կարիք չկա։ Իհարկե, սկզբում նրանք կարծում էին, որ երեխան ընդամենը 5 կգ է, սակայն ծնունդից անմիջապես հետո կշռելով՝ պարզել էին, որ նար քաշը 400 գրամով շատ է եղել։
Տնօրենը նշեց, որ ծնունդն անցել է առանց բարդությունների, և մայրն ու երեխան իրենց պալատում հանգստանում են։
Նշենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի 5-ին Աչաջուր գյուղում 5.2 կգ քաժով երեխա էր ծնվել, որին կոչել էին Տիգրան՝ ի պատիվ հայոց արքա և զորավար Տիգրան Մեծի։
Ամենամեծ քաշով նորածինը, որի մասին պաշտոնական տվյալներ կան, 10.2 կգ է կշռել: 1955 թվականին տղային Իտալիայում լույս աշխարհ է բերել Կարմելինա Ֆեդելեն:
med.news.am