Երեկ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 25 տանը հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն՝ հաշված րոպեների ընթացքում, դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ սկսել են պայքարել երկհարկանի տան 2-րդ հարկում առաջացած հրդեհի տարածման դեմ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրդեհի հետևանքով տանը, ըստ նախնական տեղեկությունների, միայնակ մնացող 3-ամյա Էմիլ Խաչատրյանը մահացել է: Նրա մորը՝ 41-ամյա Նաիրա Խաչատրյանին տեղում հոգեբանական ու բժշկական օգնություն են ցուցաբերում բժիշկներն ու փրկարարները: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզ կլինի քննության ընթացքում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, որպեսզի պարզ լինի երեխան ծխախեղդ լինելուց է մահացել, թե այրվածքներից: Դեպքի վայրում հավաքված հարևանները SHAMSHYAN.com-ի թղթակցին ասում էին, որ Ն. Խաչատրյանը սոցիալապես անապահով ընտանիքից է, զբաղվում է մուրացկանությամբ ու հաճախակի է երեխային թողել տանը միայնակ ու ինքը դուրս է եկել տանից ՝ գումար վաստակելու համար, որպեզի կարողանան ընտանիքի գոյությունը պահպանել: