Մենք արդեն ներկայացրել էինք Ջեյմս Բաղյանին: Ստորև ներկայացված հոդվածը հետադարձ հայացք է, որը սիրով մեզ է տրամադրել պատմաբան Վահե Անթանեսյանը:
Նա պետք է 1986 թվականի հունվարի 28-ին «Չելենջեր» տիեզերանավով տիեզերք թռչեր, բայց վերջին պահին փոփոխություններ տեղի ունեցան անձնակազմում և անվանի բժիշկը չթռավ. «Չելենջեր»-ը կործանվեց և փրկվեց Ջեյմս Բաղյանի կյանքը, և նրա երազանքն իրականացավ միայն 1989 թվականին…
Ողջ հայությունը ցնծության մեջ էր՝ Հայը նաև տիեզերք թռավ: Անգամ շրջանառվեց մի գեղեցիկ պատմություն, իբր, Հայաստանի վրայով թռչելիս Բաղյանը հայերեն արտաբերել է երկու բառ՝ Ողջույն և խաղաղություն… Սակայն դա, տիեզերագնացն անձամբ ժամանակին հերքել է գրող Արծվի Բախչինյանի հետ տված հարցազրույցի ժամանակ…
Ջեյմս Բաղյանի հայրը՝ Ֆիլիպը, երկրորդ համաշխարհայինի ժամանակ եղել է կործանիչ օդաչու, արծաթե աստղի շքանշանակիր. 120 մարտական թռիչք է իրականացրել: Բաղյանների բազմանդամ գերդաստանում Ֆիլիպ Բաղյանը միակն էր, ով հայուհու հետ չի ամուսնացել: Բայց իր ընտանիքն էլ հայկական էր. Այնտեղ տիրել են հայկական բարքեր, սովորույթներ…
Երկնքի և թռիչքի մասին Ջեյմս Բաղյանը երազել է մանկուց, երբ դեռ սկաուտ էր…
Բայց, բժիշկ դարձավ: Սակայն երբեք չմոռացավ իր երազանքը:
Ջեյմս Բաղյանը ճարտարագետ է, մարզիկ, բժշկագիտության դոկտոր: Ծնվել է 1952 թվականի փետրվարի 22-ին՝ ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում՝ հայազգի Ֆիլիպ և գերմանուհի Ռոզ Բաղյանների ընտանիքում: Տիեզերագնացի պապի ազգանունը եղել է Քուդեբաղյան. ԱՄՆ գաղթելուց հետո միգրացիոն ծառայության գործակալները կրճատել են այն՝ գրելով Բաղյան:
Ջեյմս Բաղյանի պապը՝ Նազարեթ Քունդեբաղյանը, իր կնոջ՝ Սաթենիկի հետ, ԱՄՆ է գաղթել 1908 թվականին՝ Արևմտյան Հայաստանի Արաբկիր քաղաքից: Նազարեթը հայրենասեր մարդ էր: Նա իր հինգ զավակներին արգելում էր տանը անգլերեն խոսել: Ինքը հասկանում էր անգլերեն, բայց հազվադեպ էր օգտագործում: Եվ իր հարկի տակ հաճախ հավաքելով իր բազմանդամ գերդաստանը՝ պատմում էր կորուսյալ հայրենիքի մասին: Նազարեթ Բաղյանի տանը հաճախ էր հայկական ցերեկույթներ կազմակերպվում, ուր տիրապետող էին հայկական երգ ու պարը, հայկական խոհանոցը: Ապագա տիեզերագնացի հորեղբայրներն ու հորաքույրերը նույնպես որդեգրեցին Նազարեթ Բաղյանի աշխարհայացքը, և երկար տարիներ ԱՄՆ հայկական համայնքում աչքի են ընկել հայանպաստ գործունեությամբ: Նազարեթը իր զավակներին հորդորում էր ամուսնանալ միայն հայրենակիցների հետ: Նրա պատգամը չպահեց միայն Ֆիլիպ որդին՝ տիեզերագնացի հայրը…
Այդ միջավայրում էլ անցել է հայազգի առաջին տիեզերագնացի մանկությունը:
Ջեյմս Բաղյանը դպրոցն ավարտել է Ֆիլադելֆիայում, ապա 1969-1973 թվականներին Դրեքսելի համալսարանում սովորել է ճարտարագիտություն՝ ստանալով բակալավրի կոչում: 1977 թվականին Ջեյմս Բաղյանը ավարտեց Թոմաս Ջեֆերսոնի անվան բժշկական համալսարանը, ավարտական ատենախոսություն պաշտպանեց և ստացավ երկրորդ որակավորումը՝ բժշկական գիտությունների դոկտորի կոչմամբ: Բաղյանը բժշկությանը, շրջակա միջավայրին և կենսաբանությանը նվիրված բազում աշխատությունների հեղինակ է:
Ուսանելուն զուգընթաց՝ Ջեյմս Բաղյանը ակտիվ կյանք էր վարում: Դեռևս Ֆիլադելֆիայում ապրած պատանեկության տարիներին ակտիվ ներգրավված էր սկաուտական շարժմանը: Բազմիցս արժանացել է խրախուսանքների՝ մարզական ոլորտում: Հրապուրված էր լողով, ալպինիզմով և հեծանվասպորտով:
Ապա ուսանողության տարիներին ավիացիոն խմբակներ էր հաճախում՝ փորձելով կյանքի կոչել իր երազանքը՝ սավառնել երկնքում: Եվ բազմաթիվ ավիացիոն մրցույթներում է աչքի ընկել:
Անգամ, երբ որպես բժիշկ աշխատանքի անցավ, նա չմոռացավ իր երազանքն ու շարունակում էր վարժանքներն ու սիրողական թռիչքները:
Ուսանողական տարիներին Ջեյմս Բաղյանը ծանոթացավ շվեդական ծագմամբ երիտասարդ ամերիկուհի Թանդ Բենսոնի հետ: Նրանք սիրահարվեցին, ամուսնացան: Թանդը Ջեյմսին չորս զավակ է պարգևել: Տիկին Բաղյանը արագ ընտելացավ հայկական միջավայրին: Ճիշտ է, նրա համար հայերենը այնքան էլ դյուրըմբռնելի չէ, (Ջեյմս Բաղյանն ինքը սոսկ մի քանի հայերեն բառ է կարողանում արտաբերել), բայց դրա փոխարեն կարճ ժամանակում ոչ միայն հմտացավ հայկական խոհանոցի գաղտնիքների մեջ, այլև հայկական երաժշտության մեծ սիրահար է:
Ի վերջո՝ Բաղյանը որոշում է կյանքը ընդմիշտ կապել երկնքի հետ:
1976 թվականին նա ծառայության անցնելով ԱՄՆ զինված ուժերում՝ դարձավ ԱՄՆ ռազմածովային ավիացիոն փորձարարական կենտոնի (Մերիլենդ նահանգ) ճարտարագետ-մեխանիկը։ 1978 թվականին որպես վիրաբույժ և բժիշկ-հետազոտող, աշխատել է Լեոնիդ Ջեկսոնի անվան կենտրոնում՝ միաժամանակ ուսանելով Տեխասի ԱՄՆ Ռազմական ուժերի թռիչքային վիրաբուժության և ԱՄՆ Ռազմական ուժերի ավիացիոն-տիեզերական բժշկության դպրոցներում։ 1986 թվականին Բաղյանն ստացել է արհեստավարժ ճարտարագետի, իսկ 1987 թվականին՝ տիեզերանավի բժշկի վկայագրեր։ Ստացվեց այնպես, որ Ջեյմս Բաղյանը հիանալի համադրում էր թե ճարտարագետի, թե բժշկի մասնագիտությունները և կյանքի կոչում մեծագույն երազանքը՝ թռիչք տիեզերք:
1980 թվականի հուլիսին Ջեյմս Բաղյանը որպես տիեզերագնաց աշխատանքի անցավ ՆԱՍԱ-ում (Ամերիկյան ազգային ավիա–տիեզերական գործակալություն)։
Դեռևս 1981 թվականին Բաղյանը կարող էր իրականացնել իր երազանքը: Խորհրդա-ամերիկյան համատեղ նախագծի շրջանակում նախատեսված էր երկու պետությունների ներկայացուցիչների համատեղ թռիչք: ԱՄՆ պետք է ներկայացներ Ջեյմս Բաղյանը, Խորհրդային Միությունը… Յաշա Գևորգյանը (ծնունդով Աշտարակ քաղաքից): Ծրագիրը ցավոք, չիրականացավ: Իսկ համաշխարհային մամուլը չզլացավ կատակով նշել, որ երկու տիեզերագնացները տիեզերքում միմյանց հետ պիտի հայերեն խոսեն…
Բաղյանի երազանքն իրականացավ 1989 թվականի մարտի 13-ին, երբ “Դիսքավերի” տիեզերանավով առաջին անգամ թռիչք կատարեց տիեզերք: Թռիչքի տևողությունը հինգ օր էր: Եվ այս հինգ օրվա համար որքան ջանք ու եռանդ էր ներդրել Ջեյմս Բաղյանը՝ հայ առաջին տիեզերագնացը:
Հետագայում, 1991 թվականին, Բաղյանը ևս մեկ անգամ՝ ինը օրով տիեզերք ուղևորվեց… Իր անվան դիմաց Բաղյանը գրանցել է տիեզերքում անցկացրած… 337 ժամ…
Իսկ 1995 թվականին նա հեռացավ ՆԱՍԱ-ից:
Ջեյմս Բաղյանը անմասն չի մնացել պետական, կառավարական մեծագույն պարգևներից. Նա պարգևատրվել է ՆԱՍԱ-ի մեդալով, տիեզերագնաց Կամարովի անվան տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի տիեզերագնացի դեպլոմով, տիեզերական հիվանդությունների բուժման մեթոդների մշակման, ինչպես նաև՝ 1989 և 1991 թվականներին տիեզերք կատարած թռիչքների համար՝ ՆԱՍԱ-ի մրցանակներով։ Այժմ Բաղյանը զբաղվում է պրոֆեսիոնալ բիոբժշկական հետազոտական աշխատանքներով և ղեկավարում է «Վետերանների առողջության պահպանման» ազգային կենտրոնը, ինչպես նաև՝ Միչիգանի համալսարանի անեսթեզիայի բաժնի առողջապահական ինժեներիայի տնօրենն է ։
Հանճարեղ հայը նաև զուրկ չէ տարօրինակություններից: Չնայած իր լայնահորիզոն աշխատանքին ու զբաղվածությունը՝ նրա հոբբին է ավտոմեքենաների վերանորոգումը: