Ազգությամբ հայ Ջեյմս Բաղյանի` բժշկության և մեխանիկայի ոլորտում կատարած նորամուծությունները մի քանի քայլով առաջընթաց ապահովեցին գիտական աշխարհում: Մասնագիտացած ինժեներ, նորարար բժիշկ, տիեզերագնաց և ՆԱՍԱ տիեզերական կայանի հավերժ անդամ Ջեյմս Բաղյանը բազմաթիվ պատվոնշանների է արժանացել։ Դրանցից չորսը նա ստացել է ՆԱՍԱ տիեզերակայանի կողմից: Բաղյանի ամենամեծ գյուտն է տիեզերքում ինքնազգացողությունը կարգավորող դեղամիջոցի ստեղծումը, որը ՆԱՍԱ-ի տիեզերագնացները մինչ օրս օգտագործում են։
Ջեյմս Բաղյանը ծնվել է 1952թ. փետրվարի 22-ին ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում: Ամուսնացած է և ունի 4 երեխա: Մենք չկարողացանք պարզել, թե ինչպես են Ֆիլիպ և Ռոզա Բաղյանները` Ջեյմսի ծնողները, հասել ԱՄՆ, սակայն իմացանք, որ նրանք դեռևս բարեկամական կապեր ունեն Հայաստանի հետ: Ինչևէ, էականն ամենևին էլ սա չէ, այլ այն, թե ինչ հետք է Ջեյմս Բաղյանը թողել տիեզերագնացության պատմության մեջ:
Ջեյմսի` տեխնիկական տերմիններով հագեցած ինքնակենսագրությունից պարզեցինք, որ բազմակողմանի զարգացած այս մարդն իր կարիերան սկսել է որպես մեխանիկ` «3M Company»-ում և «U.S Naval Air Test Center»-ում: Այնուհետև, 1977թ. ավարտելով Թոմաս Ջեֆերսոնի անվան Համալսարանը` Բաղյանը բժշկի մասնագիտություն է ստացել և որպես վիրաբույժ աշխատել ամերիկյան հիվանդանոցներից մի քանիսում: Նրա բժշկական կարիերայի սկիզբը բավական հետաքրքիր ստացվեց: Սկսնակ բժիշկ Բաղյանը մասնակցում էր հայտնի մի վիրաբույժի վիրահատությանը: Ծնկի վիրահատությունը բավական բարդ էր անցնում, և վիրաբույժին արդեն երկու անգամ չէր հաջողվել հատուկ բժշկական սարքը տեղադրել ծնկի մեջ` այն կայունացնելու նպատակով: Մնացել էր վերջին շանսը, և եթե այդ փորձն էլ ձախողվեր, ապա հիվանդի ծունկը փրկելը շատ դժվար կլիներ: «Կարո՞ղ եմ առաջարկություն անել»,- հանկարծ ընդմիջեց երիտասարդ, անփորձ բժիշկ Բաղյանը: Վիրահատարանում ներկա գտնվող բժշկական անձնակազմը երիտասարդին հասկացնել տվեց` լռիր: Սակայն արդեն ուշ էր. հայտնի վիրաբույժը բարկացած ձայնով հարցրեց. «Ի՞նչ ես ուզում անեմ, ասա՛»: «Ոչ թե բժշկական մատերիալներն են անորակ, այլ պարզապես դուք դրանք սխալ եք գործածում: Չժանգոտվող պողպատը պետք է այլ կերպ օգտագործել, հակառակ դեպքում այն կքերծի ու կգրգռի հանգույցները: Ոչ թե ձեզ մոտ չի ստացվում, այլ պարզապես դա մետաղի յուրահատկությունն է»: Բժիշկն առաջարկեց, որ Բաղյանն ինքը տեղադրի այդ սարքը հիվանդի ծնկի մեջ: Ճարտարագիտական կրթությունն այս անգամ ոչ միայն փրկեց խեղճ հիվանդի ծունկը, այլև կարիերա ապահովեց երիտասարդ բժշկի համար:
Բաղյանն աշխատում էր Փենսիլվանիայի Համալսարանում, միաժամանակ հաճախում էր ԱՄՆ-ի Օդային ուժերի թռիչքային վիրաբուժության դպրոցը, երբ նրան նկատեց ՆԱՍԱ-ն՝ իր «Տիեզերագնացի թեկնածու» ծրագրի համար: Պրոֆեսիոնալ ինժեներ և հմուտ բժիշկ Ջեյմս Բաղյանը 1980թ. դարձավ ՆԱՍԱ-ի տիեզերագնաց: Սկզբնական շրջանում նա հանդես էր գալիս որպես բժիշկ-փրկարար, ինչպես նաև՝ որպես մեխանիկ կարողանում էր շատ հարցերում տեխնիկական խորհուրդներ տալ: 1989թ. մարտի 13-ին բժիշկ Բաղյանը որպես տիեզերագնաց ընդգրկվեց STS-29 տիեզերանավի անձնակազմի մեջ: Թռիչքը տևեց 4 օր 23 ժամ 39 րոպե և 41 վայրկյան, որի ժամանակ տիեզերագնացների թիմը կարողացավ բավական օգտակար աշխատանքներ իրականացնել տիեզերքում, այդ թվում նաև՝ հատուկ տեսախցիկների միջոցով կատարել Երկիր մոլորակի 3000 լուսանկար: Բաղյանը նաև պատասխանատվություն էր կրում տիեզերագնացների առողջական վիճակի համար: Տիեզերական այս ճանապարհորդությունը լավ առիթ եղավ, որ Բաղյանը հանդես գա որպես գյուտարար։ Տիեզերական առաքելությունն իրականացնելիս անձնակազմի տիեզերագնացներից մեկն առողջական խնդիրներ ունեցավ: Բաղյանն իր մշակած «Phenergan» կոչվող դեղամիջոցով ներմկանային սրսկում կատարեց և փրկեց գործընկերոջը: Ջեյմս Բաղյանի ստեղծած այս դեղամիջոցը մինչ օրս գործածվում է ՆԱՍԱ-ում` տիեզերագնացների ինքնազգացողությունը տիեզերքում կանոնավորելու համար:
Ջեյմս Բաղյանի երկրորդ թռիչքը դեպի տիեզերք, որը նա իրականացրեց 1991-ի հունիսի 5-ին SLS-1-ով, նույնպես կարևոր առաքելություն էր: 9-օրյա այս թռիչքի ժամանակ տիեզերագնացների խումբն ուսումնասիրում էր մարդու սրտի, զարկերակների, թոքերի, երիկամների աշխատանքի փոփոխությունը տիեզերքում: 15 տարի ՆԱՍԱ-ում աշխատելուց հետո՝ 1995-ին, Բաղյանը հեռացավ այնտեղից` դառնալով տիեզերական այս խոշոր կայանի հավերժ անդամը և արժանանալով ՆԱՍԱ-ի 4 տարաբնույթ մրցանակների:
Բազմակողմանի զարգացած այս անձնավորությունն իրականացրել է նաև փրկարարական աշխատանքներ: Լինելով ԱՄՆ Օդային ուժերի պահեստի գնդապետ՝ նա ծառայել է 920-րդ Օդային փրկարարական խմբում՝ որպես պարաշյուտային թռիչքի վիրաբույժ-փրկարար: Նա որակավորված պարաշյուտիստ է, ունի օդաչուի անհատական իրավունք, հեղինակ է բազմաթիվ բժշկական և աերոտիեզերական հոդվածների: Պակաս հետաքրքիր չեն Բաղյանի նախասիրությունները. հեծանվավազք, լող, լեռնագնացություն, հին ավտոմեքենաների վերականգնում և այլն:
2001թ. Ամերիկայի Բժշկական ասոցիացիան Ջեյմս Բաղյանին արժանացրեց Նաթահ Դեյվիսի մրցանակին` հասարակական առողջության պաշտպանության բնագավառում փայլուն աշխատանքներ իրականացնելու համար: Վերջին տարիներին Ջեյմս Բաղյանը գլխավորում է Վետերանների հիվանդանոցների ցանցը:
Պատրաստեց Անուշ Մկրտչյանը
«3 Միլիոն»