Ոստիկանությունը հստակեցնում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չափերի սահմանումը
Advertisement 1000 x 90

Ոստիկանությունը հստակեցնում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չափերի սահմանումը

Հայաստանի խորհրդարանը քննարկում է ՀՀ «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցողՀՀոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը,ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, նշեց, որ թմրամիջոցների և հոգեմետ դեղերի նոր տեսակների ի հայտ գալու հանգամանքով պայմանավորված՝ ոստիկանության կողմից յուրաքանչյուր տարի նախապատրաստվում և կառավարության քննարկմանն է ներկայացվում քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի հավելվածներով հաստատված ցանկերում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նախագծեր: «Նախագծերի շրջանառությունից մինչև դրանց ընդունումն ընկած ժամանակային տևողությունը  լուրջ խնդիրներ է առաջացնում վերջիններիս նոր տեսակների ապօրինի շրջանառությունը կանխարգելելու իմաստով: Նշված խնդիրների լուծման նպատակով քննարկվել և մշակվել է թմրամիջոցների և հոգեմետ դեղերի չափերը ենթաօրենսդրական ակտով սահմանելու հարցը: Այդ ուղղությամբ ուսումնասիրվել է միջազգային փորձը, անցկացվել են խորհրդակցություններ: Խորհրդակցությունների արդյունքներն ամփոփվել են ոստիկանության կողմից հաստատված և ձեր քննարկմանը ներկայացված օրինագծում»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Եղիազարյանը:

Ներկայացված փաթեթով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենսգրքով հաստատվող հավելվածները և դրանք սահմանել կառավարության որոշմամբ: Բացի այդ, նախագծով նոր մոտեցում է որդեգրվել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չափերը որոշելու հարցում: Մասնավորապես, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով սահմանվելու է, որ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր չափեր են համարվելու անսովոր գործածողի, այսինքն՝ թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, ինչպես նաև խիստ ներգործող նյութեր չգործածող 18 տարին լրացած և գործնականում առողջ, այսինքն՝ միջին վիճակագրական անձի օրգանիզմի վրա հոգեներգործության ազդեցություն թողնելու համար բավարար թմրամիջոցների և հոգեմետ նյութերի նվազագույն չափերից մինչև դրանց հնգապատիկը ներառող չափերը: Քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով զգալի և խոշոր և առանձնապես խոշոր  չափեր են համարվելու թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր չափերի նվազագույն շեմի, համապատասխանաբար, հնգապատիկից մինչև քսանհինգապատիկը ներառող, քսանհինգապատիկից մինչև հարյուր քսանհինգապատիկը ներառող և հարյուր քսանհինգապատիկը գերազանցող չափերը»,- պարզաբանեց Վարդան Եղիազարյանը:

Թմրամիջոցների միևնույն չափը կարող է տարբեր ազդեցություն ունենալ տարբեր մարդկանց վրա: Վարդան Եղիազարյանը մանրամասնեց, որ, հենց այդ հանգամանքը հաշվի առնելով, նախագծում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չափերը նախատեսվել են սահմանային թվերով՝ պատիկներով,  հոգեներգործության աստիճանը որոշելու ընթացքում սխալը նվազագույնի հասցնելու նպատակով: