«Իսկ մե՞նք.
Պետք է փաստել, որ թուրք-ադրբեջանական կողմը տարիներ տևող նպատակային «պիառ»-ով կարողացավ ներկայացնել, որ, իբր, 826 կմ-ոց Բաքու-Թիֆլիս-Կարս «նորակառույց» երկաթգիծ է բացվել: Այնինչ նոր կառուցված հատվածը իրականում կազմել է ընդամենը 105 կմ, այն էլ հիմնականում դա Կարս-Ախալքալակ հատվածն է եղել: Այսպիսով, այդ 826 կմ-ից՝ 76 նոր կառուցվածը անցնում է Կարսի մարզով (Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածք), իսկ մնացած 29 կմ-ը անցնում է Վրաստանի հայաբնակ շրջաններով:
Ինչևէ, պետք է իրատես լինել և արժանին մատուցել նրանց. լավ թե վատ՝ նրանք կարողացան դա անել: Հարցն ուրիշ է՝ իսկ մենք ի՞նչ կարող էինք անցած այս տարիների ընթացքում ի հակակշիռ դրան ձեռնարկել: Այ սա է հարցերի հարցը, որ մինչ հիմա պատասխան չկա: Հիմա արդեն դժվար է ասել, որ, գիտեք, լավ է լինելու, եկեք մի քիչ էլ սպասենք ու դիմանանք: Այդպես չի լինում, և դրա ժամանակը վաղուց անցել է: Այս ամենն արդեն, կարծում եմ, «Ոսկե ձկնիկ» հեքիաթի կոտրված տաշտակն է հիշեցնում»: