Գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերված զինծառայող Գ. Ասոյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու այլ զինծառայողի, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գ. Ասոյանի դին հայտնաբերվել էր 01.04.2016թ.՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
Քրեական գործի շրջանակներում նույն զորամասի ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13 և 65 հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝ 2016թ մարտի 11-12-ն ընկած ժամանակահատվածում զորամասի 3-րդ և 4-րդ գումարտակների շինությունների միջանկյալ հատվածում գտնվող ծխարանում, իր հասցեին վիրավորական արտահայտություն անելու կապակցությամբ բռնություն է գործադրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գ. Ասոյանի նկատմամբ՝ բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին՝ ձախ աչքի շրջանում պատճառելով կապտուկի տեսքով մարմնական վնասվածք։
Նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայողի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարբերաբար նվաստացրել է ժամկետային զինծառայող, շարքային Գ. Ասոյանի անձնական արժանապատվությունը՝ 2016թ. մարտի 29-ից մարտական հերթապահության ընդգրկված լինելով զորամասի պաշտպանական շրջանում գտնվող մարտական հենակետում, նույն հենակետում ծառայության նշանակված շարքային Գ. Ասոյանի կողմից որպես դիտորդ ծառայությունն իրականացնելու ընթացքում ծառայության վայրում՝ կրակակետում, քնելու և այդ հանգամանքը չընդունելու կապակցությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել վերջինիս հասցեին, ապա նույն օրը մարտական հենակետում Գ. Ասոյանից պահանջել է նրա քրոջ բջջային հեռախոսահամարը, սակայն պահանջված հեռախոսահամարի փոխարեն այլ հեռախոսահամար տալու կապակցությամբ սեռական բնույթի հայհոյանք է տվել վերջինիս հասցեին, ինչի հետևանքով անզգուշությամբ Գ. Ասոյանին հասցրել է ինքնասպանության:
Ըստ քրեական գործի նյութերի՝ Գ. Ասոյանը 01.04.2016թ.՝ ժամը 07:00-ից մինչև 09:00-ը՝ ըստ մարտական հերթապահության կրման գրաֆիկի, ծառայության ընդգրկված լինելով հենակետի առաջնագծում որպես դիտորդ, իր ծառայության վայրում իրեն ամրակցված ՁԿԳ-74 տեսակի գնդացիրով ինքն իրեն բերանի շրջանից մեկ հատ մենահատ կրակոց արձակելով՝ պատճառել է միջանցիկ մահացու հրազենային վիրավորում։