ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ:
Ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տրամադրված տեսանյութը:
ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:25-ի սահմաններում, մի քաղաքացի զանգահարել էր ու հայտնել, որ դանակով տղամարդ է մտել մանկապարտեզ: Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը պարզել էր, որ տղամարդը վիճել է մանկապարտեզի դայակներից մեկի, ով իր նախկին կինն էր, և տնօրենի հետ:
Նախնական տվյալներով` վիճաբանության ընթացքում տղամարդը դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել դայակին ու տնօրենին, ապա ննջասենյակի նախամուտքում բռնել է դեռ 3 տարից չլրացած մի երեխայի ու մտել ննջասենյակ անձնական բնույթի պահանջներ հնչեցնելով:
Այդ ընթացքում Արմավիր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության ուժերը: Պատանդառուի հետ բանակցությունները տևել էր 4 ժամից ավելի և իրավապահ մարմինների համբերատար բացատրական աշխատանքն ի վերջո իր արդյունքը տվել էր: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել էր երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվեց հատուկ միջոց: Պատանդառուն փորձում էր վնասել իրեն, ինչը ոստիկանները կանխեցին: Փոքրիկն ու պատանդառուն տեղափոխվեցին հիվանդանոց: