Լրագրող, արձակագիր Ռոլանդ Շառոյանի «Բառերի խրխինջը» բանաստեղծությունների ժողովածուն և «Էրգրի աստվածները» վիպասքը հանձնվեցին գրականության սիրահարների դատին: Գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 13-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
«Էրգրի աստվածները» վիպասքն իմ կյանքի գիրքն է: Եթե բանաստեղծությունների ժողովածուն գրել եմ 1,5 տարում, ապա «Էրգրի աստվածները»՝ երեսուն: Վիպասքը սկսվում է Գևորգ Չաուշի ծննդից և ավարտվում է 21-րդ դարասկզբով: Գրքում անդրադարձ կա 1915 թվականից հետո արևելյան Հայաստան գաղթած արևմտահայերին՝ սասունցիներ, մշեցիներ, ղարսեցիներ: Գրքում զետեղված են նաև անտիպ ստեղծագործություններ:
Խոսելով «Բառերի խրխինջը» բանաստեղծությունների ժողովածուի մասին՝ հեղինակը շեշտեց, որ գրքում ներառված ստեղծագործությունները մտածումներ են՝ գրված հարյուր տարի հետո: Դրանք արձակ և չափածո գործեր են:
«Այս տարի դառնում եմ 65 տարեկան: Այս գրքերի շնորհանդեսով նշում եմ հոբելյանս»,-եզրափակեց Շառոյանը:
Գրող Վրեժ Սարուխանյանի խոսքով՝ Շառոյանը հզոր ակունքներ ունի: «Նա ծնվել է 1952 թվականին, բայց իր էությամբ, արյունով՝ 1915-ին: Այդ տարվա իրադարձությունները դարձան նրա ստեղծագործության թեմատիկան և շուրջ երեսուն տարի նա մեր գրականության մեջ շարունակում է այն ազգանվեր գործը, որը ժամանակին սկսել են Ակսել Բակունցը, Խաչիկ Դաշտենցը, Մուշեղ Գալշոյանը և այլք:
Ռոլանդ Շառոյանի գրականությունը բարձրարժեք է, քանի որ նա միշտ եղել է իր ժամանակի հետ, իր ժողովրդի բախտի ու ճակատագրի հետ»,-ասաց Սարուխանյանը:
Ռոլանդ Շառոյանի համակուրսեցի, ընկեր, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ Ռոլանդի գրչին հատուկ են հումորը, զվարթությունը, որոնք առավելապես արտահայտված են «Բառերի խրխինջը» գրքում:
«Եթե արձակում նա մնում է հայրենականչի վրեժի, պահանջատիրության շրջանակում, ապա «Բառերի խրխինջը» բանաստեղծությունների ժողովածուում ինչպես ինքն է ասում բառերի խրխինջը բառերի ներսից է գալիս: Նա պայթուցիկ է բերում իր գրվածքներում, ինչը պոետական խոսքին նոր շունչ է տալիս»,-շեշտեց Միլիտոնյանը:
Գրքերը լույս են տեսել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Շնորհանդեսին ներկա էին գրողներ, քաղաքական գործիչներ, երաժիշտներ, գրականության սիրահարներ: