Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գրքի երևանյան փառատոնին (Yerevan Book Fest) հայ մեծանուն գրողների ստեղծագործությունների կողքին ներկայացված է նաեւ ապրիլյան պատերազմի հերոս, Ջրականում (Ջաբրայիլ) զոհված Բագրատ Ալեքսանյանի «Վերադարձ» խորագիրը կրող ժողովածուն: Գիրքը վերջերս վերահրատակվել էր եւ հասանելի է 300 օրինակով:
Հերոսի մայրը՝ Նարինե Ասրյանը, եւս ներկա էր փառատոնի բացման արարողությանը: Նա նշեց, որ որդու գրքի հրատարակումն իր համար կարեւոր իրադարձություն է:
«Այն ինձ համար մեծ նշանակություն ունի: Գրքում նկարագրված են ոչ թե հորինվածքներ, այլ կյանքից վերցրած պատմություններ, ամեն տողն ու բառը իրական են: Բագրատս գրել է հայրենիքի, ընտանիքի եւ շատ ու շատ այլ թեմաներով: Նրա շատ գրվածքներ, կարելի է ասել, կենդանի հնչյուն են: Այս գրքով, իհարկե, կարոտս չի փարատվում, բայց այն ինձ համար շունչ է, իմ սրտի մի մասնիկը, ու եթե ինչ-որ մեկին այն նվիրում եմ, ասում եմ՝ համարեք, որ սա իմ սիրտն է, այնպես արեք, որ չվնասվի: Ու ինձ համար անչափ մեծ հպարտություն է նրա գիրքն այստեղ տեսնել, որովհետեւ նա միշտ ցանկացել է, որ իր ստեղծագործությունները հրատարակվեն: Նրա երազանքը կատարվել է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:
Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Գրքի երևանյան փառատոնի (Yerevan Book Fest) բացման արարողությունը: Փառատոնի նպատակը հայ ժամանակակից գրականությունն ընթերցողին ավելի ճանաչելի եւ ընդունելի, նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունն ավելի հասանելի դարձնելն է: