Ներկայացվել է նոր գադջետ, որը շատ նման է սմարթֆոնի, բայց գրեթե չունի սմարֆոններին բնորոշ բնութագրիչներ և նպատակ ունի պայքարել սմարթֆոնային կախվածության դեմ:
Անգամ այն մարդիկ, որ չունեն սմարթֆոնային կախվածություն, հաճախ հանում են գրպանից հեռախոսը՝ հաղորդագրությունները կարդալու կամ զանգերը ստուգելու համար: Այս դեպքերի համար նախատեսված է Substitute Phone-ը: Աքսեսուարի դիզայներն է Կլեմենս Շիլինգերը (Klemens Schillinger):
Աքսեսուարն ունի սովորական սմարթֆոնների չափսերն ու քաշը, սակայն սա միակ նմանությունն է սմարթֆոնների հետ: Substitute Phone-ը չունի էկրան և էլեկտրոնային գործառույթներ: Դրանով չի կարելի զանգեր կատարել, չի կարելի նկարել, թերթել սոցցանցերի նորությունների պատը:
Աքսեսուարն իրենից ներկայացնում է պլաստմասսե կորպուս, որի մեջ ներդրված են կլորակներ: Կլորակները կարելի է պտտել այնպես, ինչպես թերթում ենք նորությունների պատը, միացնում ենք նկարը, կամ գործողություններ ենք կատարում սմարթֆոնի էկրանին: Կան աքսեսուարի մի քանի տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի կոնկրետ ուղղվածություն:
Հեղինակի խոսքով՝ սմարթֆոնները նման սարքերով փոխարինելը տալիս է շատ դրական արդյունք: Որպես օրինակ՝ նա հիշում է Ումբերտո Էկոյի փորձը, ով ծխախոտային կախվածությունը հաղթահարելու համար այն փոխարինել էր սովորական փայտով:
Այժմ սարքավորումը միայն ցուցադրվում է, իսկ առաջիկայում կսկսի թողարկվել:
Սիրարփի Աղաբաբյան