Հայտնիների նվերները «Բարի մամա»-ի շահառուներին. bravo.am
Advertisement 1000 x 90

Հայտնիների նվերները «Բարի մամա»-ի շահառուներին. bravo.am

«Բարի մամա»-ն արդեն երեք տարի է՝ աջակցում է մանկատան երեխաներին և հաշմանդամություն ունեցող փոքրիկների ընտանիքներին։ Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս Ամանորին ընդառաջ կազմակերպության անդամներն իրականացնում են «Բարի Ամանոր» բարեգործական նախագիծը։ «Երևան Մոլ»-ում երեկ բացվել է «Բարի կղզին», որի նպատակն է հավաքել ֆինանսական միջոցներ «Բարի տնակ» ներառական կենտրոնի կառուցման համար, նաև նվերներ՝ մանկատան սաներին և հաշմանդամություն ունեցող ծնողազուրկ երեխաներին ուրախ Ամանոր պարգևելու համար։

BRAVO.am-ը ներկա է եղել բարեգործական ակցիայի մեկնարկին, որի ընթացքում փոքրիկները պատրաստում էին ամանորյա խաղալիքներ, իսկ մեծահասակները հանգանակում գումար, նաև մեծ արկղում թողնում նվերներ։ «Բարի Ամանոր»-ն ավելի լայն տարածելու համար «Բարի մամա»-ն խնդրել էր հայտնիներին նվերներ բերել մանկատան սաների համար: Իրենց մասնակցությունն ունեցան ՀԿ-ի կամավորները, նաև Եգոր Գլումովը, Իրինա Թովմասյանը, Նելլին, Շուշան Պետրոսյանը, Գոշը և շատ ուրիշներ:

«Բարի մամա»-ի ղեկավար Մարինա Ադուլյանի փոխանցմամբ՝ ակցիայի մեկնարկի օրը պատահական չեն ընտրել. նոյեմբերի 28-ին աշխարհում նշվում է «Առատ երեքշաբթին»՝ օր, երբ բոլորը բարեգործություն են անում:

«Այստեղ մարդիկ են, ովքեր անտարբեր չեն մեր կարիքն ունեցող երեխաների հանդեպ։ Շնորհակալ ենք, որ շատ զբաղված լինելով հանդերձ, չեն անտեսում ու գալիս են բարի գործ անելու։ Հանգանակվող գումարը Բարի տնակի կառուցման համար է, որն ապաստան է դառնալու այն մայրերի համար, ովքեր չեն ցանկանում լքել իրենց փոքրիկներին։ Բարի տնակը կլինի մանկատան սաների թերապիաների կենտրոն և տուն մանկատան հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ չափահաս սաների համար: Եվ կարևոր է գիտակցել, որ յուրաքանչյուրս, ընդամենը 500 դրամ նվիրաբերելով, կարող ենք փոխել երեխաների կյանքը»,- նշել է Մարինան։

Ամբողջությամբ՝ bravo.am